«Ղարաբաղ Տելեկոմ»-ն իջեցրել է ինտերնետի մատուցման սակագները

«Ղարաբաղ Տելեկոմ»-ն իջեցրել է ինտերնետի մատուցման սակագները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում ԼՂՀ հանրային ծառայությունները-տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը քննարկեց «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագներն իջեցնելու մասին և ընդունեց որոշում, ըստ որի՝ հաստատուն հեռախոսային գծերով (Dial up) ինտերնետ կապի սակագինը նվազել է 34 %-ով: Ցերեկային սակագինը մեկ ժամի համար կլինի 39 դրամ, գիշերայինը` 20 դրամ` գործող 60/30դրամի փոխարեն:

Ինչպես հաղորդում է «Ազատ Արցախը», առաջարկվում է ռադիոմոդեմ անլար կապով մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի միացման հնարավորություն` գործող 33,4 և 64 կբիթ/ վրկ արագությունների փոխարեն։ Ընդ որում, անվճար տրամադրվող 256 ՄԲ թրաֆիկը լրանալուց հետո յուրաքանչյուր մեկ ՄԲ թրաֆիկի արժեքը կազմում է 9 դրամ: DSL մոդեմով կորպորատիվ անսահմանափակ մուտքով ինտերնետ կապի սակագները նվազել են 73,7 %-ով: DSL մոդեմով սահմանափակ մուտքով ինտերնետ կապի բաժանորդների համար «Լայթ» և «Հևի» փաթեթային սակագնային պլաններով կտրամադրվի տարբեր քանակությամբ անվճար թրաֆիկ (կախված արագությունից) և կկիրառվեն լրացուցիչ թրաֆիկի օգտագործման զեղչված սակագներ: Ունենալով 256 կբիթ/վրկ արագությամբ կապ և օգտագործելով 512 ՄԲ ծավալ՝ բաժանորդը վճարում է ամսական 8240 դրամ, իսկ «Լայթ» սակագնային պլանում առաջարկվող սակագներով կվճարի 3600 դրամ (նվազումը` 56,3%): «Հևի» սակագնային պլանի դեպքում ունենալով 256 կբիթ/վրկ արագությամբ կապ և օգտագործելով 1280 ՄԲ ծավալ՝ բաժանորդը գործող սակագներով վճարում էր ամսական 12080 դրամ, իսկ առաջարկվող սակագներով կվճարի 8500 դրամ (նվազումը` 29,6 %)։ «Ղարաբաղ Տելեկոմն» առաջարկում է նաև նոր կորպորատիվ լոկալ ցանցի օգտագործման հնարավորություն, որի օգնությամբ կազմակերպությունները հանրապետության տարածքում կունենան ներքին լոկալ կապ մասնաճյուղերի հետ: «Ղարաբաղ Տելեկոմի» ներկայացուցիչը վստահեցրեց, որ օպտիկական մալուխային ցանցի ձեռքբերման հանգամանքով պայմանավորված՝ կլավացնեն ինտերնետի որակը և արագությունը։ Հատկապես «Լայթ» և «Հևի» սակագնային պլաններից օգտվող բաժանորդները դա կզգան շատ շուտով։

Ինչպես ասվում է «Ազատ Արցախի» հաղորդագրության մեջ, հանձնաժողովը բավարարեց «Արցախհէկ» ԲԲԸ-ի հայտը, և ընկերությանը տրամադրվեց Թրղե-2 հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա՝ մեկ տարի գործողության ժամկետով: Կառուցման արժեքը կազմում է 1մլրդ 633մլն դրամ: Նախատեսվում է մոտ ապագայում փոքր հէկերի թիվը հանրապետությունում հասցնել հինգի: Սակագնի հարցը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է։ Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը Ստեփանակերտ քաղաքի տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման անժամկետ լիցենզիա տրամադրեց «Գեյմ Սիթի» ՍՊԸ-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---