Եթե Chatham House-ի փորձագետները ծանոթանային Անկարայի իրական քաղաքականությանը, ապա դժվար թե Աբդուլլահ Գյուլին պարգև շնորհեին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ձեռքից կստանա բրիտանական Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի հեղինակային պարգևը` «տարածաշրջանում իրադրության կայունացման և Թուրքիայի ներքին մոդեռնիզացման ուղղությամբ ջանքերի համար»:

«Թուրքիայի նախագահը պետք է ուրախ լինի Բրիտանիայի թագուհու ձեռքից նման մրցանակ ստանալու առթիվ: Այս պարգևն Աբդուլլահ Գյուլին է շնորհվում հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և Թուրքիայում մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ ջանքերի համար: Որքան հեռու է այդ ամենն իրականությունից ու ճշմարտությունից»,- ասվում է Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խմբի պատասխանատու քարտուղար Օդեթ Բազիլի` PanARMENIAN.Net ուղարկած հայտարարության մեջ:

Բազիլը գտնում է, որ եթե Chatham House-ի փորձագետներն այցելեին տարածաշրջան և ուսումնասիրեին Անկարայի իրական քաղաքականության փաստերը, ապա Թուրքիայի նախագահը Chatham House-ի պարգևին արժանանալու փոխարեն ստիպված կլիներ պատասխանել հարցերին այն մասին, թե ինչու է Թուրքիան մինչ օրս հրաժարվում բացել հարևան Հայաստանի հետ սահմանը:

«Գյուլին կհարցնեին Արևմտյան Հայաստանում` ներկայիս Արևելյան Անատոլիայում գտնվող հայկական եկեղեցիների վիճակի մասին, որտեղ եկեղեցիները որպես թանգարան են ծառայում: Թուրքիայի նախագահին կհարցնեին իր նախնիների կողմից 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանության ժխտման մասին: Այն ժամանակ ավելի քան մեկուկես միլիոն հայեր ոչնչացվեցին Թուրքիայի անհանդուրժողականության ու բարբարոսության պատճառով»,- ընդգծում է Օդեթ Բազիլը:

Նրա խոսքով, ցանկացած մարդ, որը գիտակցում է 1915 թվականի սարսափները, ինչպես նաև հավատարիմ է բարոյական էթիկայի ու մարդասիրության սկզբունքներին, չի կարող կիսել «Թուրքիայի հաջողությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---