Ադրբեջանցի պատգամավորները, սովորության համաձայն, կրկին խեղաթյուրել են ղարաբաղյան հակամարտության էությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և Գերմանական խորհրդարանական ընկերակցության աջակցությամբ Բեռլինում անցկացվել է երկկողմ փակ գիտաժողով` «Փախուստ և արտաքսում. ոճիր մարդկության հանդեպ» խորագրով, որի ընթացքում քննարկվել են Ղարաբաղի հակամարտությանն առնչվող նյութեր: Այս մասին հաղորդվում է Միջազգային խորհրդարանական կրթաթոշակակիրների հայաստանյան միության մամլո հաղորդագրությունում:

Ադրբեջանցի պատգամավորները, սովորության համաձայն, կրկին խեղաթյուրել են հակամարտության էությունը. փաստը արձանագրվում է դեռևս գերմանացի պատգամավորներին ուղարկված հրավիրատոմսերի տեքստում, որտեղ հիշյալ միջոցառումը ներկայացվում է իբրև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պատմության, մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների և վերջապես հարավկովկասյան տարածաշրջանում հայերի անբացատրելի և անհասկանալի գոյության» վերաբերյալ:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակակիրների հայաստանյան միությունը դատապարտում է նման միակողմանի, զուտ քարոզչություն պարունակող հավաքի անցկացումը այն էլ մի երկրում` Գերմանիայում, ով Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որդեգրել է հավասարակշիռ և կառուցողական մոտեցում:

ՄԽԿ-միությունն այս առիթով բաց նամակ է ուղղել միջոցառմանը մասնակից ԳԴՀ-ի խորհրդարանի մի շարք պատգամավորների` արտահայտելով իր անհամաձայնությունն ու դժգոհությունը միջոցառմանը Ադրբեջանի ներկայացրած խեղաթյուրված պատմաքաղաքական փաստերի, ինչպես նաև միջոցառմանը Հայաստանի և Ղարաբաղի ներկայացուցիչների բացակայության կապակցությամբ:

Ի պատասխան վերոնշյալ նամակի` միությունը ստացել է հետևյալ արձագանքները. Վոլֆգանգ Բյորնզը` հարավկովկասյան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ (CDU/CSU), նշել է. «Փախուստ և արտաքսում. ոճիր մարդկության հանդեպ» միջոցառմանն ուղղված Ձեր քննադատությունը, որին ես անձամբ չեմ մասնակցել, Դուք համոզիչ կերպով հիմնավորել եք: Ձեր լուրջ դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք պետք է այս թեմայի հետ կապված առավել նրբանկատ մոտեցում ցուցաբերենք և մեր մտորումներում բոլոր կողմերի տեսանկյունները ներգրավենք»: Իր հերթին, Թոմաս Զիլբեհորնը` Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալական խմբակցության (CSU) արտաքին քաղաքականության հարցերով խոսնակը, ասել է. «Վերոհիշյալ մեջոցառմանն իմ մասնակցությունը և հայ-ադրբեջանական, ցավոք, դեռևս հակամատությամբ հագեցած հարաբերությունների վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ունենալը պետք չէ որևէ կերպ նույնականացնել: Որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-սոցիալական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ` քաջատեղյակ եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի խնդրայնությանն ու զգայունությանը: Ես միանշանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն եմ: Դրա համար երկուստեք հարկավոր է երկխոսության և հաշտեցման բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Երկու կողմերին էլ կոչ է արվում զերծ մնալ գործընթացը վտանգող քայլերից»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---