Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում հանդիպել է Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ

Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում հանդիպել է Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի նախագահն ընդգծել են Թուրքմենստանի Մեջլիսում ևս համանման խմբի ստեղծման կարևորությունը:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թուրքմենստանի ձիասպորտային համալիր ևս, որտեղ նախագահներին ցուցադրել են համալիրի հպարտությունը համարվող ախալտեկինյան ցեղատեսակի ձիերը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Թուրքմենստան` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

Հայ-թուրքմենական հարաբերություններ

Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքմենստանի միջև հաստատվել են 1992 թվականին: Երկու երկրների միջև հաստատվել են վստահելի և բարեկամական հարաբերություններ: Երկու պետությունների նախագահները 2008թ. հունիսին կայացած հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատեցին կողմերի պատրաստակամությունը լայնածավալ համագործակցություն զարգացնել բոլոր ոլորտներում:

2009թ. ապրիլին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թուրքմենստան: Թուրքմենստան Նալբանդյանի այցից հետո երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրեցին Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրությունը:
Մինչդեռ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև ստորագրվել է շուրջ 57 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնագիր: Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Թուրքմենստանի ու ՀՀ-ի միջև 2009թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 17 312 900 դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---