Ռուսաստանին բոլորովին դուր չեկավ ամերիկյան գաղտնազերծված փաստաթղթերի պարունակությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) կվերլուծի WikiLeaks-ում հրապարակված ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերը և կզեկուցի իր եզրակացությունների մասին ՌԴ ղեկավարությանը, հաղորդել է ԱՀԾ ղեկավար Միխայիլ Ֆրադկովը:

«Այդ տեղեկությունները հարուստ նյութ են տրամադրում վերլուծության համար, ոչ մի լավ բան այդ հրապարակումներում չկա»,-ասել է ԱՀԾ ղեկավարը՝ նշելով, որ «եզրակացություններ, անշուշտ, կարվեն»:

Իր եզրակացություններն է արել նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը CNN-ին տված հարցազրույցում իր դժգոհությունն է հայտնել իրեն և նախագահ Մեդվեդևին տված բնորոշումների առնչությամբ: Պուտինը այդ արտահայտությունները անվանել է էթիկայից զուրկ:

Ըստ հրապարակված փաստաթղթերի, անհաճո բնութագրում է տվել Դմիտրի Մեդվեդևին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անվանելով նրան ոչ ինքնուրույն քաղաքական գործիչ:

Լարի Քինգին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել է, որ նման բնորոշումներ տալով իրեն և Մեդվեդևին ամերիկացի դիվանագետները նպատակ ունեին «վատաբանել մեզանից մեկին»:

«Խոսքը նախագահ Մեդվեդևի հետ մեր համագործակցության մասին է, որը երկրի ներքին քաղաքականության կարևորագույն գործոններից է: Ճիշտն ասած, մենք չէինք սպասում, որ դա կարվի այդքան կոպիտ, մեծամտորեն ու էթկայից զուրկ կերպով»,-ասել է Պուտինը, հաղորդում է ВВС-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---