ԵԱՀԿ անդամ-պետություններն Ադրբեջանին սովորական սպառազինություն են վաճառում

ԵԱՀԿ անդամ-պետություններն Ադրբեջանին սովորական սպառազինություն են վաճառում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին ելույթ է ունեցել Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովում: Նախագահի ելույթում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլև իրականացվում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում և ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից: Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որևէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա: Իսկ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ում վիճարկում էին խաչքարի` հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները և պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ: Միայն տարակուսել կարելի է, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձաններից մեկը` Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը` հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան: Ի դեպ, դա, արդեն մեր օրերում, դարձավ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ի սպառ ոչնչացման երկարատև և հետևողական քաղաքականության գագաթնակետը»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---