Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ կմշակի ԱԳԳԾ նորացված տարբերակը

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ կմշակի ԱԳԳԾ նորացված տարբերակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Արարողությունից հետո Արմեն Եդիգարյանի եւ Անդերս Ֆոգ Ռասմուսենի միջեւ կայացավ առանձնազրույց: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշեց, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը, ՆԱՏՕ-ն ընկալում է Հայաստանին որպես լավ գործընկեր: Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշեց իր հանդիպումը ՀՀ Նախագահի հետ այս տարվա մայիսին Բրյուսելում:

Ռասմուսենը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը Աֆղանստանում իրականացվող գործողություններին` հիշատակելով ՀՀ իշխանությունների վերջին որոշումը` համալրել ՀՀ զորախումբը Աֆղանստանում ռազմական հրահանգիչներով: ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության հետագա զարգացման համատեքստում Գլխավոր քարտուղարը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նորացված ծրագրի մշակումը:

Իր հերթին Արմեն Եդիգարյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը Դաշինքի եւ Գործընկերների հետ գոյություն ունեցող համագործակցության ծրագրերի ամբողջ սպեկտրով` ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության նոր ոլորտներ: Աֆղանստանում գործողությունների առումով ՀՀ առաքելության ղեկավարը նշեց, որ Լիսաբոնում արտահայտած Հայաստանի պատրաստակամությունը կրկնապատկել ՀՀ զորախմբի քանակությունը շարունակում է գտնվել օրակարգում: Արմեն Եդիգարյանը նշեց, որ այս տարի ավարտվում է 2009-2010թթ. ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ երկրորդ երկամյա փուլի իրականացումը եւ հայկական կողմը Դաշինքի հետ համատեղ կմշակի ԱԳԳԾ նորացված տարբերակը` ձգտելով ընդգրկել ծրագրում նոր ոլորտներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս վիճակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---