Հայերը և կիպրացիները ոչ միայն եղբայրներ են, այլև բնական դաշնակիցներ

Հայերը և կիպրացիները ոչ միայն եղբայրներ են, այլև բնական դաշնակիցներ

PanARMENIAN.Net - «Այնպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հակամարտությունների կարգավորման շուրջ մենք ապավինում ենք միջազգային իրավունքի տարբեր սկզբունքների, քանի որ տարբեր են նաև երկու հակամարտությունների բնույթն ու հանգամանքները, պատմությունն ու հարակից փաստերը։ Այս հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունն ու կարգավորման իր բանալին»,- ելույթ ունենալով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում` ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այո, շատերն են փորձում մեզ գցել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների մակերեսային մեկնաբանությունների ծուղակը:

Բայց իրավունքի հիմքը արդարությունն է, և մենք պետք է միասնական լինենք արդարության վերականգնման մեր սկզբունքային պայքարում։

Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրացիներին, ինչու՞ չէ` նաև պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար: Մենք իսկապես մտահոգված ենք Կիպրոսի խնդրի կարգավորմամբ, չէ՞ որ Կիպրոսի նման բաժանված է նաև Կիպրոսի հայկական մշակութային ժառանգությունը: Կիպրոսի պես` այն վերամիավորման է կարոտ, ուշադրության և հոգատարության է կարոտ, քանի որ մեր եղբայրական երկրի տարածքը զավթողներն իրենց բացարձակապես նեղություն չեն տալիս` հոգալու քրիստոնեական մշակութային ժառանգության մասին:

Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել և չենք էլ համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի և Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին: Հիշում ենք, քանի որ չհիշել` կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ: Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի և իրավական լուծումը:

Հայերն ու կիպրացիները ոչ միայն բարեկամներ և եղբայրներ են, այլև բնական դաշնակիցներ, և մենք հավատարիմ ենք այդ դաշինքին: Հավատացնում եմ, որ դժվար է երկրագնդի վրա գտնել գեթ մեկ հայ, որն ամենայն անկեղծությամբ չուրախանա Կիպրոսի հաղթանակներով և հաջողություններով, բարեկեցությամբ, կայունությամբ, առաջընթացով և խաղաղությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---