Սերժ Սարգսյանը Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ին է փոխանցել Հայաստան այցելելու Գարեգին II-ի հրավերը

Սերժ Սարգսյանը Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ին է փոխանցել Հայաստան այցելելու Գարեգին II-ի հրավերը

PanARMENIAN.Net - Պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր հաջողությամբ զարգացող հայ-հունական հարաբերություններին, երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը, որի ամենակենսունակ հիմքերից մեկը, նախագահի խոսքով, երկու եկեղեցիների փոխհարաբերություններն են:

Երկրի ղեկավարը Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ին է փոխանցել Հայաստան այցելելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-¬ի հրավերը` նշելով, որ այդ այցը մեծապես կնպաստի հայ և հույն եկեղեցիների միջև եղբայրության ամրապնդմանը։

Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ը նշել է, թե հատուկ հուզմունքով է ընդունում նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև հյուրընկալել է բարեկամ երկրի նախագահի: Նա խոսել է հայ և հույն ժողովուրդներին պատմականորեն բաժին հասած նույնանման դժվարությունների ու տառապանքների մասին:

«Ես հավատացած եմ, որ մեր համագործակցությունը, մանավանդ մեր կապն ուղղափառ հավատքի հետ կկարողանա մեզ օգնել, որպեսզի հաղթահարենք այսօրվա դժվարությունները»,- նախագահի հետ հանդիպմանն ասել է Հունաստանի Արքեսպիկոպոսը` Սերժ Սարգսյանին մաղթելով հաջող ու արդյունավետ բանակցություններ իր երկրի քաղաքական ղեկավարության հետ:

Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանն Աթենքում այցելել է անհայտ զինվորի հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել` ծաղկեպսակ դնելով հուշարձանին:

Պետական այցի շրջանակներում երկրի ղեկավարն այնուհետև հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի, վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի, Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի և ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Երեկոյան նախատեսվում է Հայաստանի Հանրապետության նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ընդունելություն, որին հրավիրված են Հունաստանի բարձր ղեկավարությունը և հունահայ համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---