Հունիսին կմեկնարկի Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը

Հունիսին կմեկնարկի Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, Հայաստանում սահմանային անվտանգության մակարդակի առավել բարձրացման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, պետական սահմանի համալիր կառավարման գործընթացները մեր պետության համար գերակա նշանակություն ունեն. «Այսօր աշխատում ենք երկու հիմնական ուղղություններով` Ռուսաստանի հետ` Իրան-Թուրքիա պետական սահմանի երկայնքով սահմանային ենթակառուցվածքների եւ ուղեկալների արդիականացման եւ ԵՄ-ի հետ` Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարման շրջանակում:

Ռուսաստանի հետ արդեն ստորագրվել է համապատասխան արձանագրություն, եւ շուտով ձեռնամուխ կլինենք 2011-2015 թվականների պլանի իրագործման աշխատանքներին: Մարտին սպասվում է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

ԵՄ-ի հետ նախաձեռնում ենք աննախադեպ լայն գործընթաց, որի նպատակն է` արդիականացնել Վրաստանի հետ Հայաստանի պետական սահմանի բոլոր երեք անցակետերը` Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային անցակետեր եւ հասնել նրան, որ մի կողմից` ունենանք հուսալիորեն պաշտպանված պետական սահմաններ, մյուս կողմից` ապահովենք մարդկանց եւ ապրանքների` հնարավորինս դյուրին տեղաշարժը»:

Արթուր Բաղդասարյանի համոզմամբ` ծրագրի իրականացումը ենթադրում է նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, կառավարման ոլորտում լուրջ բարեփոխումների իրականացում:

Նիստում հաստատվել է հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը, որոշվել է մայիսի սկզբին ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը եւ հունիսից մեկնարկել ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը: Ծրագրի իրականացման գործում կներգրավվեն նաեւ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի փորձագետները, ասվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---