Ադրբեջանցիներին դուր չեկավ թուրքական հեռուստատեսությամբ հայ-թուրքական հարաբերությունների մասին ծրագրի հեռարձակումը

Ադրբեջանցիներին դուր չեկավ թուրքական հեռուստատեսությամբ հայ-թուրքական հարաբերությունների մասին ծրագրի հեռարձակումը

PanARMENIAN.Net - Թուրք-ադրբեջանական հանրությունը տարածել է բողոքի նամակ` կապված փետրվարի 26-ին TRT հեռուստաալիքով «Posula» ծրագրի հեռարձակման հետ` նվիրված թուրք-հայկական հարաբերություններին: Փետրվարի 26-ին ադրբեջանցիները նշում են այսպես կոչված Խոջալուի «ողբերգության» 19-ամյակը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նամակում, որը գրվել է Թուրք-ադրբեջանական հանրության նախագահ Սինան Օղանի կողմից, նշվում է հետևյալը. «Ինչի՞ է ծառայում այդ օրը հայերին քարոզող «Posula» ծրագիրը, որը պատմում է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ո՞րն է նպատակը: Դա սխա՞լ է, թե դիտավորյալ է արվել: Ինչո՞ւ այդ ծրագիրը չի ցուցադրվել ուրիշ օրերի, այլ հեռարձակվել է հենց այդ օրը: Մենք ցանկանում ենք դա իմանալ»:

Օղանը նշում է, որ դատապարտում է TRT ղեկավարությանը և նրանից բացատրություններ ակնկալում:

Արդեն մի քանի տարի Բաքուն աշխարհով մեկ ապատեղեկատվություն է տարածում Խոջալուի դեպքերի վերաբերյալ, հայտարարելով, որ այնտեղ տեղ է գտել ադրբեջանական խաղաղ բնակչության «զանգվածային սպանություն»:

Իրականում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:

Ղարաբաղի բնակչության համար տենսականորեն կարեւոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:

Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր եւ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին:

Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրեւ Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն:

Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւեւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով եւ իշխանության հասնելու համար: Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռեւս Հեյդար Ալիեւի կողմից եւ որը պաշտպանել է գահաժառանգ Ալիեւ-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաեւ հայ խաղաղ բնակչության եւ սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական եւ այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---