Արիել Քոենն ասում է այն, ինչ ցանկանում է նրանից լսել Բաքուն

Արիել Քոենն ասում է այն, ինչ ցանկանում է նրանից լսել Բաքուն

PanARMENIAN.Net - Բաքուն երկու տարուց ավել խոսում է ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ ՄԽ անկարողության մասին և փորձում ամեն կերպ տեղափոխել հակամարտության լուծումն այլ ատյաններ: Դրա համար նա դիմում է «իր» ամերիկյան փորձագետներին, առաջին հերթին Արիել Քոենին` Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով The Heritage Foundation-ի փորձագետին: Քոենի խոսքերով, գլխավոր խնդիրներից մեկն է թույլ չտալ հակամարտության թեժացում զորքերի շփման գծում: Դա հասկանալի է: Իսկ հետո գալիս է կատարյալ անհեթեթություն. «Երկրորդ պահը, համոզել ԵԱՀԿ ՄԽ-ին կամ ակտիվ որոնել ղարաբաղյան հակամարտության լուծումը, կամ հանձնել դրա կարգավորումը մեկ այլ կազմակերպության, օրինակ` Եվրամիությանը:Դա կարող է լինել նաև այլ եռակողմ ձևաչափ: Բայց պետք է գործընթացը շարժել մեռյալ կետից: Ցանկացած պետության տարածքային ամբողջականություն, այս դեպքում` Ադրբեջանի, բացարձակ արժեք է: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, ապա արդեն առաջարկվել է հարցի լուծման բանաձև, որը ներառում է կամքի արտահայտություն, և հասկանալի է, որ այդ հանրահավաքին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, ներառյալ ԼՂ բնակիչները: Համաշխարհային հանրությունը փաստացիորեն ճանաչում է նախկին խորհրդային պետությունների սահմանները, և կան այդ սահմանները չփոխելու սկզբունքներ: Դա կարևոր է Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունների համար: Նման մոտեցումը խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ինքնավարության շրջանակներում պետք է մնա Ադրբեջանի կազմում»,- ասել է նա:

Այս տեսության սխալ լինելը երևում է անզեն աչքով:Հետաքրքիր է, ինչպե՞ս են 7 կամ 8 միլիոն ադրբեջանցիները որոշելու ԼՂ ճակատագիրը: Երևում է, The Heritage Foundation-ը չի ցանկանում ազատվել Ադրբեջանից ունեցած նավթային կախվածությունից: Հնարավոր է` չի կարող. նույնիսկ WikiLeaks-ի կասկածելի տեղեկատվության հեղեղի մեջ Ադրբեջանի կապերը ԱՄՆ առաջատար քաղաքական ինստիտուտների հետ բավական հստակ ապացուցվել են: Զարմանք է հարուցում նաև այն, որ Քոենը տարածաշրջանի փորձագետ է, և չի տեսել Ադրբեջանի դիրքորոշումների անկայունությունը շատ հարցերում, ներառյալ` ղարաբաղյան հիմնահարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---