BBC News Business-ը «հրճվում է» Ադրբեջանից կամ ադրբեջանական նավթից

BBC News Business-ը «հրճվում է» Ադրբեջանից կամ ադրբեջանական նավթից

PanARMENIAN.Net - BBC News Business կայքում Ադրբեջանի նավթարդյունաբերությանը նվիրված հոդված է հրապարակվել «Յուրաքանչյուրը ցանկանում է Ադրբեջանի բարեկամը լինել» խորագրով: Հոդվածը ոչնչով աչքի չի ընկնում, եթե չլիներ մի մեջբերում. «Կասպից ծովի ափին գտնվող այս ոչ մեծ երկրում վառելիքի պաշարները երբեք չեն սպառվում: Դա իսկապես մի ազգ է, որը կարող է հպարտանալ իր նավթարդյունաբերությամբ, որը տարիքով շատ ավելի մեծ է հանրահայտ Տեխասի նավթարդյունաբերությունից»: Ավելորդ չի լինի նշել, որ իր նավթարդյունաբերությամբ հպարտացող Բաքվում առաջին նավթի գործարանը հիմնադրել են հայերը: 1887-1907թթ. Բաքու-Բաթումի նավթատարը կառուցել են Մանթաշովը, Տեր-Կարպովը, Տեր-Սարգսյանը: Այդ նավթատարը նաև առաջինն էր աշխարհում:

«Այն ամենը, ինչ առաջին անգամ արվեց նավթի և գազի արդյունաբերության մեջ, կյանքի է կոչվել հենց այստեղ` առաջին նավթի արդյունահանում, առաջին նավթի լցանավ, առաջին խողովակաշար, նավթի առաջին ծովային արդյունահանում»,- ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը»: Կամ հոդվածի հեղինակը չգիտի կամ չի ցանկանում գրել այն մասին, որ ԽՍՀՄ-ում սկիզբ առած նավթարդյունաբերության կայացման գործում Ադրբեջանի ավանդը չնչին է եղել: Այսպես ասենք` այն գրեթե աննշմարելի է` ինքնին նավթն ու էժան աշխատուժը: Սակայն այդ մասին ժամանակակից Ադրբեջանում գերադասում են չհիշել` արդյունաբերության ստեղծման գործում իրենց արժանիքը վերագրելով Հեյդար Ալիևին, որը 30-ական թվականներին դպրոց անգամ դեռ չէր գնում:

Այնուհետև հեղինակը գրում է. «Խորհրդային իշխանությունը փլուզվեց 1991 թվականին: Երկու տարի անց երկիրը ստորագրեց այն, ինչ ինքն անվանում է «Դարի գործարք»: Այդ գործարքի հիման վրա պետք է օրական միլիոնավոր բարրել նավթի տեղափոխման համար հսկայական խողովակաշար կառուցվեր Բաքվից մինչև թուրքական Ջեյհան: 1 800 կմ երկարությամբ խողովակաշարը բացվեց 2006 թվականին և սկսեց նավթ մատակարարել Եվրոպային` հսկայական ներդրումներ բերելով երկիր: Բաքվում տրամադրվածությունը լավատեսական է, քանի որ քաղաքական հուզումներն այլ նավթարդյունահանող երկրներում նավթի գինը պահում են $100 մեկ բարրելի դիմաց մակարդակում»: Աշխարհի համար հայտնագործություն չի լինի, որ Մեծ Բրիտանիան միշտ իր շահն է ունեցել Ադրբեջանից, մասնավորապես British Petroleum-ը: Այնպես որ հեղինակի հիացմունքն ունի բոլոր հիմքերը: Իսկ հոդվածի ամփոփիչ մասն ընդհանրապես հրճվանքի է հասցնում բրիտանացիներին: «Ադրբեջանը պատրաստվում է ինչպես խոշոր արտադրող լինել, այնպես էլ կենսական կարևորության տարանցիկ երկիր»: Մենք ունենք սըր Ուինսթոն Չերչիլի սիրելի արտահայտությունը, որը միշտ կիրառելի է հայ-թյուրքական հարաբերությունների նկատմամբ. «Մոսուլի նավթը հայերի արյունից էլ թանկ է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---