ԼՂ-ն կոչ է անում ԵԱՀԿ-ին մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել 8-ամյա երեխայի մահվան հետ կապված միջադեպը

ԼՂ-ն կոչ է անում ԵԱՀԿ-ին մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել 8-ամյա երեխայի մահվան հետ կապված միջադեպը

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ-ը կապ չունի 8-ամյա ադրբեջանցի երեխայի մահվան հետ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, երեխան, ամենայն հավանականությամբ, դարձել է դժբախտ միջադեպի զոհ կամ սպանվել ադրբեջանցի զինծառայողների կարգազանց գործողությունների արդյունքում: «Դատելով ադրբեջանական բանակում տիրող իրավիճակից, որտեղ վերջին ժամանակները տեղի են ունենում ողբերգական միջադեպերը, բացառված չէ, որ երեխան սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից: Հայկական կողմը պատասխանատու չէ երեխայի մահվան համար: Մնում է միայն հուսալ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կհորդորեն Ադրբեջանի ղեկավարությանը մասնակցել այդ միջադեպի մանրակրկիտ և անկանխակալ հետաքննությանը: Միջնորդները պետք է շահագրգռված լինեն միջադեպի անկանխակալ հետաքննության մեջ»,- ասել է Աթանեսյանը:

Մարտի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ «հայկական զինված ուժերն ադրբեջանցի երեխա են սպանել»: Ընդ որում, նույն այդ ադրբեջանական ԶԼՄ-ները երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել` 8-ամյա, թե 10-ամյա տղա է սպանվածը` Օրտա-Քարվենդ գյուղի բնակիչ Ֆարիդ Բադալովը, որոշ ԶԼՄ-ներ խոսում են դեռահասի մասին: Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հանդես եկան համատեղ մեկնաբանությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին: Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում: Անգամ եթե այդ երեխան գնդակից է մահացել, ապա դեռ պետք է ապացուցել, թե ով և որ կողմից է կրակել: Չի բացառվում, որ հնարավոր է` Ֆարիզ Բադալովը դարձել է Օրթա Քարվենդ և Շխլար գյուղերի միջև գտնվող ադրբեջանցի դիրքապահների կողմից արձակված կրակի զոհը:

Չի բացառվում նաև, որ հնարավոր է` երեխան մահացել է չպայթած զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչը հաճախ է պատահում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկու կողմերում էլ:

Եթե կրակոցը արձակվել է ոչ թե ուղիղ նշանակետին, այլև բարձր անկյան տակ, ապա տվյալ դեպքում սովորական հրազենից արձակված գնդակը չէր կարող այդքան հեռու հասնել: Նման հեռավորության վրա կարող են կրակել միայն խոշոր տրամաչափի գնդացիրները: Սակայն, ինչպես նշվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Եթե կրակեին խոշոր տրամաչափի զենքից, ապա երեխայի գլուխը պարզապես ցրիվ կտար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---