Հայաստանն ակտիվորեն աշխատում է հայկական բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ

Հայաստանն ակտիվորեն աշխատում է հայկական բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվորեն աշխատում է հայկական բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ: Այդ մասին ասվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նիստում հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներն ամփոփող հանրային իրազեկման փաստաթղթի նախագիծը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն իր ելույթում նշել է, որ «ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների մասին» հանրային իրազեկման փաստատթղթում պաշտպանության և ռազմական խնդիրների ներկայացումը լույս կսփռի հասարակության համար մինչ օրս ոչ այնքան հասկանալի ոլորտի խնդիրների ու հեռանկարների վրա:

Պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքներից` նկատելով, որ չնայած Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն իրագործվեց ընդգծված գաղտնիության պայմաններում, սակայն այսօր կարող ենք հանրային իրազեկման փաստաթղթի միջոցով ՀՀ հասարակությանը, ինչպես նաև միջազգային հանրությանն իրազեկել ՀՀ պաշտպանության համակարգում իրականացված և պլանավորված մի շարք բարեփոխումների վերաբերյալ` դրանք փոխկապակցելով սպառնալիքների և առկա կարողությունների գնահատման հետ:

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` նշելով, որ հանրային իրազեկման փաստաթուղթը, որտեղ նշված են ՀՀ ազգային անվտանգության բոլոր հնարավոր սպառնալիքները և դրանց չեզոքացման եղանակները, ցույց է տալիս, որ «պաշտպանության ռազմավարական վերանայումն ավարտելուց, դրա ընթացքում մշակված ու հաստատված ռազմավարական պլանավորման փաստաթղթերը համապատասխան միջոցներով ապահովելուց և կյանքի կոչվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կլինի առավել անվտանգ»:

Փաստաթղթում անվտանգության սպառնալիքները ձևակերպելիս հաշվի են առնվել ղարաբաղյան հակամարտության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարգավորման կամ չկարգավորման հնարավոր տարբերակները:

Համաձայն սահմանված ընթացակարգի` պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներն ամփոփող Հանրային իրազեկման փաստաթուղթը առաջիկայում կներկայացվի հանրության ուշադրությանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---