ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «չեն նկատել» Արցախի շրջանների ակտիվ զարգացումը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «չեն նկատել» Արցախի շրջանների ակտիվ զարգացումը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյին ներկայացրել են դաշտային գնահատման առաքելության հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրադրության մասին: Հաշվետվությունը վկայում է այն մասին, որ գնահատման առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչները «չեն նկատել» Արցախի ակտիվ զարգացող ենթակառուցվածքները, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացումը:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, զեկույցում մասնավորապես ասվում է, որ այցելելով Ղարաբաղի հարակից տարածքներ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միայն «հակամարտության աղետալի հետևանքներն ու խաղաղ կարգավորման հասնելու ձախողում» են տեսել: «Նախքան հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերն այսօր գրեթե ամբողջությամբ ավերված են: Թեև հավաստի տվյալներ չկան, Լաչինի և Քելբաջարի քաղաքներում ու փոքր ավաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը գնահատվում է 14 000 մարդ»,- ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում է նաև, որ համանախագահներն արձանագրել են, որ այդ շրջաններում 2005 թվականից ի վեր բնակչության զգալի աճ չի եղել: Համանախագահներին անգամ հաջողել է առանց որևէ փաստաթղթերի անձանց «հայտնաբերել» և կոչ են արել լուծել այդ մարդկանց խնդիրները:

Համանախագահների կարծիքով, այդ տարածքներում տիրող «դաժան իրականությունը» խոսում է ներկայիս ստատուս-քվոյի անընդունելիության մասին, և «միայն հակամարտության խաղաղ լուծումը կարող է լավ հեռնկար դառնալ այդ տարածքներում բնակվող մարդկանց և նրանց համար, ովքեր հետագայում կարող են բնակություն հաստատել այդտեղ»: Ավելին, ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները կողմերին կոչ են արել «այդ տարածքներում խուսափել ցանկացած գործունեությունից և ապահովել գերեզմանատների ու կրոնական օբյեկտների պահպանությունը»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են հետագա առաքելություններ իրականացնել նաև ղարաբաղյան հակամարտությունից տուժած մյուս շրջաններում և այդ առաքելության մեջ ներառել համապատասխան միջազգային հաստատություններից փորձագետների, որոնք մասնակցելու են խաղաղ կարգավորմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---