Աղվան Հովսեփյանը դիմել է ռուսաստանցի գործընկերոջ Բաքվում Մանվել Սարբեկյանի բռնի սպանության գործով

Աղվան Հովսեփյանը դիմել է ռուսաստանցի գործընկերոջ Բաքվում Մանվել Սարբեկյանի բռնի սպանության գործով

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մ.Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է ՌԴ գլխավոր դատախազին: 2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետեւանքով:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերով (սպանություն առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) ՀՀ ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությունը այնուհետև հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը:

ՀՀ գլխավոր դատախազը Մ. Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար 2010 թ. դեկտեմբերին նամակով դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զ. Գարալովին` քրեական գործի քննությանն աջակցելու համար, այն է` մասնավորապես տեղեկացնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ.Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով, տեղեկացնում է Դատախազության պաշտոնական կայքէջը:

ՀՀ գլխավոր դատախազի նամակի` ադրբեջանական կողմի արձագանքի բացակայության, քրեական գործի քննությանը չաջակցելու, ճշմարտության բացահայտմանը շահագրգիռ չլինելու հանգամանքներից ելնելով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային.

«Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ Գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու խնդրանքով, մասնավորապես խնդրել է հայտնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ. Մ. Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

Հաշվի առնելով, որ վերը նշված գործողությունների կատարումը նշանակություն ունի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար` խնդրում եմ Ձեզ աջակցել մեր գրությանը պատասխան ստանալուն»,- ասված է նամակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---