Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ հավաքների ազատության իրավունքի խնդիրներին

Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ հավաքների ազատության իրավունքի խնդիրներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ապրիլի 19-ին, հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ: Ինչպես նշում է օմբուդսմենը, այս խնդրին նա անդրադառնում է թե որպես քաղաքական երկխոսության միջնորդ, թե որպես մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, թե որպես անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան: Խոսելով մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող անձանց և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների ու ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ տեղեկությունների մասին` Անդրեասյանը նշում է, որ տեղեկացվելուն պես անհապաղ Հանրապետության հրապարակ է ուղարկել իր ներկայացուցիչներին, ապա այնտեղ է եղել անձամբ:

«Դեպքի վայրում ականատես լինելով արդեն ավարտված միջադեպի՝ գրավոր դիմեցի ոստիկանությանը՝ առաջարկելով լրիվ և բազմակողմանի քննություն իրականացնելիս հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլև միջադեպի ականատեսների վկայությունները»,- նշում է մարդու իրավունքների պաշտպանը: Անդրեասյանը հայտնում է, որ ՀՀ ոստիկանությունը քննության ժամանակ չընդունեց իր առաջարկած սկզբունքը, ինչն ամենևին չի նպաստի ՀՀ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության հետագա ամրապնդմանը: «Այսուհանդերձ, «Ժառանգություն» խմբակցությունը դեռևս չի սպառել միջադեպը քննելու և իրավական գնահատական տալու լիազորություն ունեցող բոլոր ատյանները, և գործն այժմ գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որտեղ միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների անունից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,- նշում է Պաշտպանը իր հայտարարությունում:

Կարեն Ադրեասյանը նաև մարդու իրավունքների խախտում է համարում այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլ իրականացնելու ընթացքում վրան տեղադրելու արգելք կար, իսկ ոստիկանության գործողությունները որակում է որպես ոչ իրավաչափ, քանզի «անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում»: Միևնույն ժամանակ, օմբուդսմենը դրական է գնահատում իր միջամտությունից հետո վրանի տեղադրման արգելքների վերացումը: Անդրեասյանը նաև ողջունելի է համարում, որ մարտի 17-ին ՀԱԿ-ին թույլատրվել է այնուամենայնիվ հանրահավաք անցկացնել Երևանի Ազատության հրապարակում: Անդրադառնալով 2011թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին նշում է, որ Օրենքում հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ կողմից արված առաջարկությունները։ «Ընդունված օրենքի գործողությունն այլևս չի տարածվում բոլոր տեսակի «միջոցառումների» վրա, այլ սահմանափակվում է միայն «հավաքներով»: Պարզ ու հասկանալի է հավաքների երկու հիմնական տիպերի` իրազեկման ենթակա և իրազեկման ոչ ենթակա հավաքների միջև տարբերակումը, հստակ սահմանվում է այն վայրերի շրջանակը, որտեղ արգելվում է հավաքների անցկացումը: Օրենքն ամրագրել է նաև այն սկզբունքային մոտեցումը, որ քանի դեռ հավաքը մնում է խաղաղ, այն չի կարող դադարեցվել ոստիկանության կողմից։ Կարծում եմ` ընդունված օրենքն առավելագույնս կնպաստի հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի ապահովմանը, իսկ ես` իմ իրավասության շրջանակներում, շարունակելու եմ հետևել հավաքների ազատության ապահովմանը և կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցներն այս իրավունքի ցանկացած խախտում վերացնելու ուղղությամբ:

Նոր ընդունված դրական կարգավորումների պարագայում չափազանց կարևոր է ՀՀ ոստիկանության և համայնքի ղեկավարների կողմից այս օրենքի ու Հայաստանի ողջ օրենսդրության ճշգրիտ և պատշաճ կիրառումը: Ոստիկանության պարագայում հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ այն տիրապետում է պետական համակարգի ուժային մեխանիզմի էական բաժնին և հենց ուժեղի դիրքից պետք է ավելի հանդուրժող, մեծահոգի և մարդասեր գտնվի ցանկացած իրավիճակում, հատկապես խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման դեպքերում՝ իհարկե պահպանելով ու կարևորելով նաև հանրային կարգը, մարդկանց անդորրն ու հասարակության բնականոն կենսագործունեությունը»,- հայտարարել է Կարեն Անդրեասյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---