Ախալքալաքում ջահերով երթ է անցել ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

Ախալքալաքում ջահերով երթ է անցել ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

PanARMENIAN.Net - Ջավախքում արդեն իսկ ավանդույթ դարձած Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված ջահերով երթը Ախալքալակում տեղի ունեցավ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին: Երթի սկզբնակետը Ախալքալակի Երիտասարդական Կենտրոնն էր: Մինչ երթի սկսվելը հավաքվածներին ընթերցվեց Ախալքալաքի քաղաքապետարանի ժողովին ուղղված նամակը, որում մասնավորապես ասված էր. «Մենք` երիտասարդներս, կոչ ենք անում Ձեզ` Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի պատգամավորներին, ոչ միայն գնալ ապրիլի 24-ին մոմեր վառել եկեղեցում և ծաղիկներ դնել հուշաքարերին ու խաչքարերին, այլ նաև հարցը ներկայացնել Վրաստանի խորհրդարան` սույն խնդիրը օրակարգ մտցնելու և 1915թ. Հայոց Ցեղասպանության փաստը պետականորեն ճանաչելու ու , դատապարտելու պահանջով: Այնժամ Դուք հիրավի կհաստատեք Ձեր ժողովրդի իսկական ընտրյալներ լինելու փաստը:

Վրաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորներին ասում ենք` մենք Վրաստանում ապրող հայերս մեր երկրի լիարժեք ու օրինապահ քաղաքացիներն ենք, հանուն արդարության վերականգման ու ողջ Վրաստանի երեխաների ապագայի, հաշվի չառնելով ոչ մի խոչնդոտ, կոչեք իրերը իրենց անուններով` ընդունեք Հայոց Ցեղասպանության փաստը ու դատապարտեք այն…

Արդարություն- այս է պահանջում անմեղ զոհերի սուրբ արյան կանչը… Հավաքված երիտասարդները միաձայն ընդունեցին ներկայացվող պահանջը:

Չնայած երկարատեւ հորդառատ անձրեւին, ամբոխը շարժվեց կենտրոնական փողոցով մինչեւ Մշակույթի տուն, ապա թեքվեց ձախ` ուր երիտասարդները Ախալքալակի մունիցիպալիտետի ժողովի ընդունարան հանձնեցին նամակը: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս վերջին կանգառը քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցին էր, ուր երիտասարդները արդարությունը վերականգնելու կոչ արեցին համայն մարդկությանը, վերահաստատելով ավելի ու ավելի ակտիվ գործելու իրենց կամքն ու վճռականությունը: Այս տարի եւս երթի կազմակերպիչներն էին Զորի Զորյան երիտասարդական միությունը եւ Ախալքալակի Երիտասարդական կենտրոնը: Ի տարբերություն անցած տարիների, այս տարի երթի մասնակիցները ավելի մեծ թիվ էին կազմում: Հատկապես մեծ թվով մասնակցություն ունեին կանայք եւ աղջիկները:

Վերոնշյալ կազմակերպությունների կողմից նմանատիպ միջոցառում է կազմակեչպվել նաեւ Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---