Վահե Ավետիսյան. Հայ թենիսիստների ելույթը Davis Cup-ում լավագույնն էր վերջին 6 տարում

PanARMENIAN.Net - Հայաստանի թենիսի հավաքականի ավագ Վահե Ավետիսյանը, ում սաները Davis Cup-ի եվրաաֆրիկայն գոտու 3-րդ խմբում զբաղեցրին 5-րդ տեղը 12 թիմերի կազմում, գոհ է թիմի արդյունքներից:

«Մեր նպատակն էր պահպանել մեր դիրքերը 3-րդ խմբում և բարելավել արդյունքը վարկանիշում: Մենք կարողացանք երեք խաղից երկուսում հաղթել, առաջին անգամ հաղթեցինք Վրաստանի հավաքականին: Չերնոգորիայի հետ հանդիպումը շատ լարված էր և մենք զիջեցինք 2:1 հաշվով: Մենք կարողացանք հաղթել նաև Իսլանդիային և մնալ խմբում: Վերջին 5-6 տարում սա մեր ամենահաջող ելույթն էր»,-ասել է Ավետիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Մինչ մեկնարկը հայ թենիսիստները ընկերական խաղ են անցկացրել Անդորայի հավաքականի հետ ու հաղթել 3:0 հաշվով:

Առաջին անգամ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկավ էստոնացի թենիսիստ Դանիլ Պրոսկուրան, որը հաղթել է բոլոր խաղերում: Ըստ հավաքականի ավագի, Պրոսկուրայի մակարդակը մյուս խաղացողներից շատ ավելի բարձր է. «Նա ընդամենը 19 տարեկան է, նրա համար դժվար էր հանդես գալ մեկ այլ երկրի հավաքականի կազմում, նա նաև ծանոթ չէր մեր տղաների հետ: Դանիլայի գործողություններում լարվածություն էր զգացվում, նա չկարողացավ իրեն լավագույն կողմից դրսևորել, սակայն նա շատ հեռանկարային թենիսիստ է»:

Ավետիսյանը գտնում է, որ Խաչատուր Խաչատրյանը կարող էր ավելի լավ հանդես գալ Davis Cup-ում, իսկ Թորգոմ Ասատրյանի համար այդ մրցաշարն առաջինն էր թիմի կազմում և դեռևս բոլորի մոտ անվստահություն էր զգացվում: «Դա կարելի է բացատրել նրանով, որ թիմում բարեկամական մթնոլորտ է տիրում թիմում և դա թույլ կտա արդյունքի հասնել: Հաջորդ տարի կաշխատենք պայքարել երկրորդ խումբ դուրս գալու համար: Հավանաբար, թիմը կուժեղացնենք նաև այլ օտարերկրացի թենիսիստներով»,-ասել է Ավետիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---