Հայաստանում երրորդ քաղաքական ուժը իշխանությունների նախագիծն է լինելու, գտնում է Լյուդմիլա Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը չի հավատում Հայաստանում երրորդ քաղաքական ուժի հայտնվելուն: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով, ցանկացած նոր քաղաքական ուժ պետք է նույն մոտեցումներն ունենա երկրում առկա խնդիրների լուծման հարցում, ինչ ՀԱԿ-ը և, բնականաբար, համագործակցի վերջինիս հետ: «Հակառակ դեպքում դա արհեստական միավորում կլինի` իշխանությունների հերթական նախագիծը»,- ընդգծել է նա: Նա մեկնաբանել է նաև «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքերն այն մասին, որ ՀԱԿ-ը միայն իմիտացնում է երկրում արտահերթ ընտրությունների պահանջը` նշելով, որ դրանք «անկեղծ չեն»: «Ցավում եմ, որ «Ժառանգությունն» այժմ այնպիսի իրավիճակում է, որ չի կարողանում սթափ գնահատել ընդդիմության իրական գործողությունները»,- նշել է նա: Ընդ որում, Սարգսյանը լրագրողներին հիշեցրել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ ինքը չի բացառում համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: «Դա խոսում է այն մասին, որ «Ժառանգության» ղեկավարը շատ ավելի լավ է պատկերացնում ՀԱԿ-ի դերը ներքին քաղաքական զարգացումներում, և առանձին մարդկանց կարծիքը, ըստ իս, այնքան էլ կարևոր չէ»,- հեգնանքով նկատել է նա:

Սարգսյանի խոսքով, ՀԱԿ-ն այժմ կառուցողական մոտեցում է ցուցաբերում և ուզում է առանց ցնցումների փրկել երկիրը ճգնաժամից: «Եթե առանց ցնցումների չստացվի, ուրեմն կլինեն ցնցումներ, որոնք ժողովրդի իրական ցանկությունն են: Իսկ ՀԱԿ-ը ինչպես եղել է, այնպես էլ մնում է ժողովրդի կողքին»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---