Արցախի ՀԿ-ները չեն ճանաչի Կազանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ցանկացած փաստաթուղթ

Արցախի ՀԿ-ները չեն ճանաչի Կազանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ցանկացած փաստաթուղթ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական կազմակերպությունները հունիսի 24-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը հնարավոր փաստաթղթի ստորագրման վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: ՀԿ-ների հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Վերահաստատելով նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքների վերաբերյալ` հայտարարում ենք, որ առ ոչինչ ենք համարելու այդ սկզբունքները հաստատող` Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ցանկացած փաստաթուղթ։ Մեզ համար ակնհայտ է, որ ոչ մի միջպետական համաձայնագիր չի կարող ունենալ իրավական ուժ, եթե այն ուղղված է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակմանը, կնքվում է ուժի կիրառման սպառնալիքի և տնտեսական հարկադրանքի ազդեցության տակ և նսեմացնում է ազգային-ազատագրական պայքարում հաղթած ժողովրդի արժանապատվությունը և նրան զրկում իր հաղթանակի արդյունքներից: Շարունակում ենք մնալ այն համոզման, որ Ադրբեջանի և ԼՂՀ միջև խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը մեր պետության անվերապահ միջազգային ճանաչումն է և ըստ այդմ էլ դրական հանգամանք ենք համարում նորերս ԼՂՀ իշխանությունների հայտարարությունները` ի նպաստ արցախյան հանրության այս դիրքորոշման։ Ուստի 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում հանդիպող երեք պետությունների նախագահներին մենք կոչ ենք անում հաշվի առնել այս քաղաքական իրողությունը և քաղաքական կամք դրսևորել խաղաղ բանակցությունների նոր ձևաչափ ընդունելու համար։ Տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ և ազատ զարգացումը հնարավոր է ապահովել մարդու իրավունքների համընդհանուր հարգանքի միջոցով միայն։ Այդ սկզբունքի հիման վրա խարսխված բանակցությունների ձևաչափը ճանապարհ կբացի վեճերի խաղաղ կարգավորման համար»:

Կազանում ծրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, քանի որ չի բացառվում հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հավանականությունը:

Արցախի Հանրապետություն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---