Մուսաբեկովը «բոլորի անունից» հետաքրքրվում է, թե ինչ է առաջարկում ՌԴ-ն բանակցությունները փակուղուց դուրս բերելու համար

Մուսաբեկովը «բոլորի անունից» հետաքրքրվում է, թե ինչ է առաջարկում ՌԴ-ն բանակցությունները փակուղուց դուրս բերելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանում անթաքույց դժգոհությամբ ընդունեցին Կազանի հանդիպման ձախողումը, գտնում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Ըստ նրա, դա կապված է ոչ միայն Դմիտրի Մեդվեդևի հեղինակության կորստի հետ: Ղարաբաղյան կարգավորման առաջխաղացումը բխում է Ռուսաստանի շահերից: Ինչպես նշել է Մուսաբեկովը, «Կազանի հանդիպման թարմ հետքերով ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Դմիտրի Մեդվեդևը հիասթափված է կողմերի փոխզիջման գալու անկարողությունից, նույնիսկ որ մտադիր է հրաժարվել իր միջնորդական առաքելությունից: Սակայն, իրականում Մոսկվան որոշել է չհետաձգել հարցի լուծումը և ձեռնամուխ է եղել համաձայնագրի կնքման հասնելու ևս մեկ փորձի: Մեդվեդևը անձնական ուղերձ է գրել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին, որը Բաքու ու Երևան հասցրեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Մոսկվա էր հրավիրվել խորհրդակցությունների համար ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նրանից անմիջապես հետո սպասվում է Էլմար Մամեդյարովի այցը Մոսկվա:

Հասկանալի է, որ բոլորին առաջին հերթին հետաքրքում է, թե ինչ է առաջարկում ՌԴ-ն բանակցությունները փակուղուց դուրս բերելու համար: Այստեղ կարելի է միայն ենթադրություններ անել: Ինչպես հայտնի է, հիմնական խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, նշել է ադրբեջանցի քաղաքագետը:

«Թե որքանով ընդունելի կլինեն ռուսական առաջարկությունները և որքանով իրական է առաջիկայում Ալիևի, Սարգսյանի ու Մեդվեդևի հանդիպումը, դժվար է ասել: Չէ որ դրական արդյունքի հասնելու համար, հարկավոր է ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա: Իսկ հայերի վրա իրական ճնշում գործադրել չեն ցանկանում ոչ Ռուսաստանը, ոչ ՄԽ մյուս համանախագահ երկրները: Իսկ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակներ չկան»,-գտնում է Մուսաբեկովը՝ հավելելով, որ «կարգավորման գործընթացը դեռ կարող է ձգձգվել, սակայն վնասներ կկրեն Ռուսաստանն ու Հայաստանը», հայտնում է Day.az-ը:

Հունիսի 24-ին Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ: Ինչպես հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն, կողմերին չհաջողվեց համաձայնության հասնել, քանի որ Ադրբեջանի ղեկավարը վերջին պահին 10 նոր առաջարկներ է ներկայացնել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---