Հարավային Սուդանը մտադիր է դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ

Հարավային Սուդանը մտադիր է դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ

PanARMENIAN.Net - Հարավային Սուդանի նախագահ Սալվե Կիիրը երեքշաբթի պաշտոնական հայտ է ներկայացրել ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու համար: «Հարավային Սուդանի Հանրապետությունը ստանձնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները և երաշխավորում է դրանց կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Սալվե Կիիրը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրելով «որքան հնարավոր է շուտ» իր ներկայացրած հայտը քննարկել ՄԱԿ-ի ԳՎ-ում և ԱԽ-ում:

Ակնկալվում է, որ Հարավային Սուդանի հայտը կբավարարվի այս շաբաթ: Հուլիսի 9-ին անկախություն հռչակած երկիրը կդառնա ՄԱԿ-ի 193-րդ անդամը:

Նման համոզվածություն է հայտնել Պան Գի Մունը: Ըստ նրա, կազմակերպությունը «վճռական է շարունակել աջակցությունը Հարավային Սուդանի կառավարությանը բոլոր հնարավոր միջոցնելով», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 9-ին Հարավային Սուդանը պաշտոնապես անջատվեց Սուդանի Հանրապետությունից և դարձավ անկախ պետություն: Անկախությունը հռչակվեց 21-ամյա քաղաքացիական պատերազմից հետո, որը խլեց 1-2 մլն մարդու կյանք: Հրադադարի մասին համաձայնագիրը կնքվեց 2005թ.: Հանրաքվեն կայացավ 2011թ.: Քվեարկության ժամանակ Հարավային Սուդանի բնակչության 98 տոկոսը արտահայտվեց պետության անկախության ստեղծման օգտին:

Հարավային Սուդանի անկախությունն առաջինը ճանաչեց Սուդանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հարավային Սուդանի Հանրապետության անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ»,- նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---