Ամերիկացի կոնգրեսականն առաջարկում է բաժանել Կալիֆորնիան և ստեղծել ԱՄՆ 51-րդ նահանգը

Ամերիկացի կոնգրեսականն առաջարկում է բաժանել Կալիֆորնիան և ստեղծել ԱՄՆ 51-րդ նահանգը

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկն առաջարկել է 51-րդ նահանգ ստեղծել ԱՄՆ-ում, գրում է The Los Angeles Times-ը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական Ջեֆ Սթոունը: Նրա պլանների համաձայն, նոր նահանգը ստեղծվելու է Կալիֆորնիայի բաժանման հաշվին: Մասնավորապես, «ոսկե նահանգից» պետք է առանձնանան 13 շրջաններ` Ֆրեզնո, Իմպերիալ, Ինյու, Քերն, Քինգե, Մադերա, Մարիփոսա, Մոնո, Օրինջ, Ռիվերսայդ, Սան Բերնարդինո, Սան Դիեգո և Տուլարե:

Սթոունն արդեն գիտի իր նոր վարչատարածքային միավորի անվանումը` Հարավային Կալիֆորնիա: Եթե նահանգը ստեղծվի, ապա այն կդառնա ԱՄՆ բնակչության քանակությամբ 5-րդը` 13 միլիոն: Իր հերթին Կալիֆորնիան բաժանման պատճառով առաջին տեղը կզիջի Տեխասին:

Մեկնաբանելով իր նախաձեռնությունը` Սթոունը նշում է, որ Կալիֆորնիան ներկա դրությամբ վերածվել է «անվերահսկելի ֆինանսական աղետի»: Հետաքրքրական է, որ շրջանները, որոնք Սթոունն առաջարկում է անջատել, պահպանողական գաղափարների կողմնակից են և մեծամասամբ աջակցում են Հանրապետական կուսակցությանը, այն դեպքում, երբ Կալիֆորնիան լիբերալ Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի հաշվին համարվում է դեմոկրատների օրրան: Այսպիսով, նշում են փորձագետները, հանրապետականի առաջարկը բացառապես քաղաքական նպատակներ ունի, այն է` ստեղծել ևս մեկ հանրապետական նահանգ` խարխլելով դեմոկրատների դիրքերը:

Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետ Ջերի Բրաունի մամլո քարտուղար Ջիլ Դուրանը Սթոունի հայտարարությունն անվանել է ծիծաղելի քաղաքական արարք և ժամանակի զուր վատնում:

Հուլիսի 12-ին Ռիվերսայդ շրջանի դիտորդական խորհուրդը նիստ է անցկացնելու, որի օրակարգում լինելու է Կալիֆորնիայից առանձնանալու հարցը: Եթե նախաձեռնությունը ստանա «կանաչ լույս», ապա Ռիվերսայդը կհրավիրի այլ շրջանների ղեկավարների գագաթաժողով` նոր նահանգի ստեղծման հնարավորությունը քննարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---