Երևանը և Դուբլինն ընդլայնում են միջխորհրդարանական համագործակցությունը

Երևանը և Դուբլինն ընդլայնում են միջխորհրդարանական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Դուբլինում գտնվող Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Իռլանդիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Խորհրդարանի վերին ու ստորին պալատների արտաքին հարաբերությունների համատեղ հանձնաժողովի նախագահ Փեթ Բրինի և հանձնաժողովի անդամների հետ:

Իռլանդացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ընդգծվեց խորհրդարանական փոխգործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Իռլանդացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, Հայաստանի մոտեցումները մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Փեթ Բրինը տեղեկացրեց, որ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցությունը խթանելու նպատակով Իռլանդիայի օրենսդիր մարմնում նախատեսվում է ձևավորել միջխորհրդարանական բարեկամության խումբ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Դուբլինի Միջազգային և Եվրոպական գործերի ինստիտուտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքագիտական կենտրոնի տնօրինության հետ և ելույթ ունեցավ` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները: Նախարարի ելույթին ներկա էին Իռլանդիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և Դուբլինում հավատարմագրված դիվանագետներ:

Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ-իռլանդական ընդհանրություններին, այսօր երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին:

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Ավարտելով այցելությունը Իռլանդիա` Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Վիեննա, ուր նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զիների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---