«Հիմա՛» նախաձեռնությունը պահանջում է անհապաղ կասեցնել «Հայրենակիցներ» ծրագրի իրագործումը

PanARMENIAN.Net - Այս տարվա մարտ ամսին «Հիմա՛» երիտասարդական նախաձեռնությունը բարձրաձայնեց Հայաստանի տարածքում ռուսաստանյան միգրացիոն կենտրոնների անօրինական գործունեության մասին: Միայն այն բանից հետո, երբ նախաձեռնության անդամները մի քանի ամիս շարունակ հետևողականորեն իրականացրին խնդիրը վեր հանելու աշխատանքը, սայլը տեղից շարժվեց: Եղան բազմաթիվ հրապարակումներ, հեռուստաելույթներ, հանդիպումներ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում, նամակներ հղվեցին ՀՀ արտաքին գործերի և արդարադատության նախարարություններ` Ռուսաստանի միգրացիոն պետական ծառայության գործունեության իրավական հիմքը պարզելու համար, ասվում է նախաձեռնության մամլո հաղորդագրության մեջ:

Ինչպես ասվում է «Հիմա՛» երիտասարդական նախաձեռնության հայտարարության մեջ, ստացված պատասխաններից ակնհայտ է դարձել, որ այդ ծառայության ներկայացուցչությունները բացարձակապես անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչը փաստել են նախարարությունները, իսկ նրանց կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հայաթափմանը նպատակաուղղված քաղաքականություն: Այս ծրագրով, փաստորեն, Հայաստանը դատարկելու հաշվին մեր հայրենակիցներին ուղարկում են Ռուսաստանի` ժողովրդագրական տեսակետից անբարենպաստ շրջաններ` իրավիճակը փրկելու համար: Խնդիրը բարձրաձայնելու արդյունքում ՀՀ իշխանությունները ստիպված էին արձագանքել. անդրադարձ եղավ ամենաբարձր մակարդակով, իսկ գործադիրի ղեկավարի շուրթերով փաստվեց, որ «Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել»: «Սակայն տարօրինակ է, որ, ծրագիրն անհապաղ դադարեցնելու և մեղավորներին պարզելու փոխարեն, Տիգրան Սարգսյանը պատրաստվում է «Հայրենակիցներ» ծրագիրը «միջպետական մակարդակով քննարկումների առարկա» դարձնել:

Հաշվի առնելով վերոնշյալը` պահանջում ենք.

• Անհապաղ դադարեցնել այս ծրագրի որևէ քննարկում ՌԴ իշխանությունների հետ,

• Անհապաղ փակել «Հայրենակիցներ» ծրագրի իրագործման բոլոր գրասենյակները, որոնք անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչպես արել են ԱՊՀ որոշ երկրներ` այդ գրասենյակների գործունեությունը համարելով սպառնալիք ազգային անվտանգությանը,

• Պատասխանատվության ենթարկել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք դրսևորել են հանցավոր անտարբերություն, ինչի արդյունքում իրականացվել է հայաթափման քաղաքականությունը, նույնիսկ եթե դա վերաբերում է ՀՀ ամենաբարձր ղեկավարությանը»,-ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---