ՀԱԿ-ն ի զորու չէ առանց արտաքին աջակցության իշխանափոխության հասնել Հայաստանում

ՀԱԿ-ն ի զորու չէ առանց արտաքին աջակցության իշխանափոխության հասնել Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն ընդունակ չէ զգալիորեն սրել երկրում իրավիճակը և հասնել իշխանափոխության: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: «Հայաստանում իրավիճակի սրման համար արդեն չկա համազգային ոգևորություն, իշխանափոխությանը մասնակցելու պատրաստակամություն, որը կար 2008-ին»,- ասել է նա: Մելիքյանի խոսքով, իշխանափոխության համար հիմա պետք է լուրջ արտաքին աջակցություն, «ինչն այս պայմաններում ես բացառում եմ»: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը լրջորեն ամրապնդել է իր դիրքերը համաշխարհային հանրության աչքում, և ղարաբաղյան հարցի լուծման մեջ Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի հայացքների նմանությունը գործում է ՀԱԿ-ի դեմ:

Մելիքյանի կարծիքով, հետագա գործողությունների համար լավագույն տարբերակը ՀԱԿ համար իշխանությունների հետ քաղաքական երկխոսության գործընթացը շարունակելն է: «Ուղղակի պետք է պահպանել սեփական արժանապատվությունը` կապված երիտասարդ ակտիվիստների ձերբակալության հետ»,- նշել է նա:

Նրա խոսքով, գործընթացի գլխավոր թերությունը բանակցությունների օրակարգում միայն մեկ հարցի առկայությունն է` երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը: «Իրականում ընտրությունների պետք է գնալ այն ժամանակ, երբ կգտնվեն ներքաղաքական խնդիրների լուծումները: Այդ լուծումները պետք է որոնի իշխանությունն ընդդիմության հետ միասին»,- ասել է Մելիքյանը և հավելել, որ առանց դրա նման օրակարգերը կլինեն կեղծ և ապարդյուն:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---