Հայաստանն ու Արգենտինան կարգավորում են անձնագրային խնդիրները մուտքի արտոնագրի պահանջի դեպքում

Հայաստանն ու Արգենտինան կարգավորում են անձնագրային խնդիրները մուտքի արտոնագրի պահանջի դեպքում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոյին, որն Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, հաճախակի են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոյություն ունի լայն իրավապայմանագրային հենք, միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցություն, տնտեսական ակտիվ փոխգործակցություն: Նախարար Նալբանդյանը հավելեց, որ այսօր ստորագրվելիք վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի համագործակցության համակողմանի զարգացման համար:

Ալբերտո դե Ալոտոն, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ և բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասաց, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը:

Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում առավել սերտ համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արգենտինյան Հանրապետության Կառավարության միջև Սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագիրը», ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Ալբերտո դե Ալոտոն՝ «ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և ԱՀ արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարության Ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխգործակցության Համաձայնագիրը» և ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և Ալբերտո դե Ալոտոն՝ «2011-2015թթ. Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև մշակութային համագործակցության մասին ծրագիրը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---