Ահմադինեժադը չի հավատում, որ Նյու Յորքի «երկվորյակ աշտարակները» փլուզվել են ինքնաթիռների հարվածներից

Ահմադինեժադը չի հավատում, որ Նյու Յորքի «երկվորյակ աշտարակները» փլուզվել են ինքնաթիռների հարվածներից

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կասկած է հայտնել 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մասին ԱՄՆ պաշտոնական վարկածի վերաբերյալ: Associated Press-ին տված հարցազրույցում Ահմադինեժադը հերթական անգամ վերադարձել է 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունների գնահատմանը` նշելով, որ Օբամայի վարչակազմն այդպես էլ ադեկվատ հետաքննություն չի անցկացրել այս առնչությամբ: «Որպես ինժեներ` ես չեմ հավատում, որ երկու երկնաքերները կարող էին փլուզվել պարզապես ինքնաթիռների` դրանց մեջ մխրճվելու արդյունքում: Ես գրեթե համոզված եմ, որ դրանք ականապատված են եղել և փլուզվել են պայթուցիկները գործարկելուց հետո»,- ընդգծել է Իրանի նախագահը: Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ այնպիսի միջոցառման համակարգումը, ինչպիսին ինքնաթիռների բռնազավթումն ու հարձակումն է երկրի գլխավոր քաղաքների վրա, անհնար է առանց ամերիկյան հատուկ ծառայությունների իմացության:

Հարկ է նշել, որ ավելի վաղ Ահմադինեժադը խոսել էր այն մասին, որ 9/11 ահաբեկչությունները մեծ կեղծիք է համարում: Ելույթ ունենալով երեկ` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում` նա ԱՄՆ-ին մեղադրել է նրանում, որ վերջինս Միացյալ Նահանգներում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն օգտագործել է որպես Իրաք և Աֆղանստան ներխուժելու պատրվակ:

2007-ին Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքի իշխանություններին դիմել էր «ground zero» այցելելու խնդրանքով, որպեսզի հարգանքի տուրք մատուցեր ահաբեկչության զոհերի հիշատակին: Սակայն Իրանի նախագահին մերժել էին անվտանգության նկատառումներով: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գորդոն Ջոնդրոն տարօրինակ էր անվանել այն իրադրությունը, երբ մի երկրի նախագահ, որին ԱՄՆ-ը համարում է ահաբեկչության հովանավոր, այցելում է այն վայրը, որտեղ գտնվել են «երկվորյակ աշտարակները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---