Սերժ Սարգսյան. Հայաստանի քաղաքականության բոլոր ոլորտները պետք է մատչելի ներկայացվեն Սփյուռքին

PanARMENIAN.Net - «Օր օրի Հայաստանն ու Սփյուռքը միմյանց շարունակությունն են դառնում: Մենք չենք կարող ունենալ մեր երազած Հայաստանը` չներգրավելով այնտեղ Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերն ու ավանդը: Մյուս կողմից մենք չենք կարող ունենալ արդյունավետ գործող, հայ մնացող, մեր ավանդույթները պահպանող ու զարգացնող սեփական ինքնությամբ հպարտացող Սփյուռք՝ առանց կայուն զարգացող, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող Հայրենիքի»,- իր խոսքում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ի երեկոյան Նյու Յորքում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:

«Այսօր ես մեկ անգամ ևս խորին շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր քույրերին ու եղբայրներին, ձեզ բոլորիդ` այն բազմակողմ աջակցության համար, որն ունեցել է և ունի նորանկախ Հայաստանն իր ստեղծման առաջին օրից մինչ այսօր»,- Սերժ Սարգսյանի խոսքն է հաղորդում նախագահի մամլո գրասենյակը:

Նախագահը նշել է, որ և՛ Հայաստանում, և՛ հատկապես Սփյուռքում կան թերահավատներ և նույնիսկ հուսահատվածներ: Նրանց անհաղթահարելի են թվում այն բազում խոչընդոտները, մարտահրավերներն ու վտանգները, որոնք ակնհայտորեն կան մեր ճանապարհին: «Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, որ գուցե ավելի սուր են ընկալում առկա խնդիրները և անմատչելի են համարում լուծումների հնարավորությունները: Մենք միասին ենք նորոգելու մեր հույսն ու հավատը մեր հրաշալի երկրի և մեր ուժերի հանդեպ»,- ընդգծել է նախագահը:

Նորոգելու ենք մեր ուխտը, որին հազարամյակների ընթացքում շատ քչերն են դավաճանել և որը շատ շատերը հավատարմորեն պահել են: Պահել են ու կռվել, ստեղծագործել են և ուսուցանել, բուժել են և կառուցել, մատյաններ են գրել ու վերծանել, բանտ ու աքսոր են գնացել, առողջ և ուսյալ զավակներ են մեծացրել ու նրանց կտակել դարավոր ուխտին հավատարիմ մնալու բանաձևը: Օտարի լուծը ժամանակավոր է, պատերազմը ժամանակավոր է, ճգնաժամերը ժամանակավոր են, մեր սիրած կամ չսիրած իշխանությունները ժամանակավոր են, իսկ մնայունն ու հավերժը մեր հայրենիքն է. հայրենիքն է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք թերագնահատել մեզ ու չենք հուսահատվել:

Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունները, փոխլրացումը լիարժեք դարձնելու համար կողմերը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի լինեն փոխադարձ ընկալելի և հասկանալի: «Հայաստանի Հանրապետության քաղաքականության բոլոր ոլորտները, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտը, պետք է մատչելի ներկայացվեն Սփյուռքին: Մենք երբևէ չենք խուսափելու Սփյուռքի հետ խորհրդակցելուց, նրա քննադատությանը, դիտարկումներին, տեսակետներին ականջալուր լինելուց, նրա փորձը հաշվի առնելուց»,- հայտնել է նախագահը:

Վերջում նախագահը ևս մեկ անգամ խորին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին` նորանկախ Հայաստանի նկատմամբ ունեցած «ջերմ վերաբերմունքի, անկախության տարիներին ցուցաբերած բազմակողմ օգնության, ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում ցուցաբերած օժանդակության և, վերջապես, ԱՄՆ քաղաքացի և ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ առկա մշտական ուշադրության ու հոգատարության համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---