Վահագն Չախալյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

Վահագն Չախալյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - Ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվելով 10 տարվա ազատազրկման` ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութի 106 բանտախցում, անժամկետ հացադուլ է հայտարարել: Ինչպես Չախալյանն ինքն է հեռախոսով հաղորդել «Երկիր» հայրենակցական միության ներկայացուցիչներին, նա որոշել է հացադուլ սկսել «ի նշան իր հանդեպ անմարդկային բանտային ռեժիմի, որը նվաստացնում է նրա արժանապատվությունը»: Հայ ակտիվիստը պահանջում է դադարեցնել «ապօրինի ճնշումը» և բարելավել բանտային պայմանները:

Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութի ներկայացուցիչներից պաշտոնական մեկնաբանություն առայժմ չի հնչել:

Ավելի վաղ Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հաղորդել է, որ վրացական իշխանությունները խստացրել են իր պաշտպանյալի բանտային պայմանները: «Առգրավվել են Վահագն Չախալյանին պատկանող բոլոր գրքերը, դրանք վերադարձնելու դիմումները մնում են անպատասխան: Բացի դրանից, նրա բանտախցում նախկինի համեմատ ավելի հաճախակի են դարձել ջրի անջատումները (երբեմն օրերով), միաժամանակ, նրան արգելվել է բանտախցում պահել ջրի համար բաքեր»,- հաղորդել է Դա էապես դժվարացնում է բանտախցում տարրական հիգիենայի պահպանման հնարավորությունը»,- հաղորդել է Ոսկանյանը: Փաստաբանը նշել է, որ նախկինի համեմատ սահմանափակվել է Վահագն Չախալյանի` հեռախոսից օգտվելու հնարավորությունը. նրան օրերով չի թույլատրվում օգտվել հեռախոսից, «իսկ երբ նրան այնուամենայնիվ նման հնարավորություն է տրվում, ապա խոսելաժամանակը էապես սահմանափակվում է»: «Խոսակցությունների ընթացքում հաճախակի անջատում են հեռախոսակապը` հոսանք չլինելու անհիմն պատճառաբանությամբ»,- նկատել է նա` հավելելով, որ էապես սահմանափակված է նաև մերձավոր ազգականների հետ տեսակցելու Վահագն Չախալյանի իրավունքը:

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008 թվականի ամռանը: Նրան մեղադրել են դիմադրության մեջ իշխանության ներկայացուցչին, զենքի և զինամթերքի ձեռքբերման և պահման, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Չախալյանի գործով դատավարության ընթացքում խախտումները մատնանշվել են ինչպես հայկական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Չախալյանի փաստաբանները որոշել են պաշտպանել նրա շահերը ցանկացած ատյաններում` ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---