Անդրեյ Արեշևը գտնում է, որ Հայաստանը Կովկասում կարևոր դեր է խաղում Արևմուտքի համար

Անդրեյ Արեշևը գտնում է, որ Հայաստանը Կովկասում կարևոր դեր է խաղում Արևմուտքի համար

PanARMENIAN.Net - «Իմ պատկերացմամբ՝ Սարկոզիի այցը Հարավային Կովկաս ինչ-որ չափով հավասարեցրեց Արևմուտքի առաջնայնությունները տարածաշրջանում»,- հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Փորձագետի խոսքով՝ մինչև վերջին ժամանակներս հիմնական շեշտը դրվում էր Ադրբեջանի հետ համագործակցության վրա, ինչը մեծապես կապված էր Եվրամիության էներգետիկ նախագծերի հետ, որոնցում Ադրբեջանին և Վրաստանին կարևոր դեր էր հատկացված: «Այժմ ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ևս կարևոր դեր է կատարում Կովկասում եվրոպացիների և, առհասարակ, Արևմուտքի ծրագրերում: Հայաստանի դերը, ամենայն հավանականությամբ, որոշակի քաղաքական չափում է ունենալու, որը կարևոր է նաև տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման առնչությամբ: Ըստ երևույթին, Արևմուտքը նախկինի պես Հարավային Կովկասում տարբեր կոմբինացիներ է ստեղծելու՝ հաշվի առնելով ոչ միայն զուտ մարտավարական, այլև որոշ ռազմավարական նպատակներ, որոնք կայանում են, մասնավորապես, դեպի Կենտրոնական Ասիա կապի հուսալի միջանցքների ստեղծման մեջ: Ֆրանսիական նախագահի մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան էպոպեաները վկայում են ինչպես հենց նրա, այնպես էլ նրա ամերիկյան դաշնակիցների լուրջ մտադրությունների մասին, ինչը, իհարկե, չեն կարող հաշվի չառնել նաև Հարավային Կովկասի երկրների ղեկավարները: Իրադարձությունները Սիրիայում, որտեղ, ինչպես և Լիբիայում, Արևմուտքը հիմնական խաղադրույքը կատարում է արմատական իսլամական ուժերի վրա, ընդունակ են ծայրահեղ անբարենպաստ հետևանքների հանգեցնել տեղի քրիստոնեական բնակչության, մասնավորապես՝ Դամասկոսի, Հալեպի հայկական համայնքների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար»:

«Եվ այս կապակցությամբ միանգամայն հետաքրքիր է՝ արդյո՞ք պարոն Սարկոզին, որն ապավինում է Ֆրանսիայում հայ սփյուռքի զգացմունքներին, մտածում է տասնյակ հազարավոր սիրիահայերի և լիբանանահայերի (և այլ քրիստոնյաների) ճակատագրի մասին, որոնք արդեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արկածախնդիր քաղաքականության գերին են դարձել: Եվ արդյո՞ք հայ ժողովրդի այդ հատվածի ճակատագիրը Երևանում ֆրանսիական ղեկավարի բանակցությունների առարկա է եղել»,- հարց է տալիս փորձագետը:

Հոկտեմբերի 6-8 Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պաշտոնական այցով գտնվում էր Հարավային Կավկասում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---