Ո՞ւմ և ինչո՞ւ է փորձում համոզել ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը, որ մեր հաղթանակն Արցախում Բաքվի ներքին կռիվների արդյունքն է

Ո՞ւմ և ինչո՞ւ է փորձում համոզել ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը, որ մեր հաղթանակն Արցախում Բաքվի ներքին կռիվների արդյունքն է

PanARMENIAN.Net - Պարզվում է, որ արցախյան պատերազմում հաղթանակով և Լեռնային Ղարաբաղի հարակից հայկական տարածքների ազատագրմամբ մենք պարտական ենք ոչ թե մեր զինվորների հերոսությանը, ոչ թե մեր ժողովրդի աննկուն կամքին, այլ պարզապես պատերազմի տարիներին ադրբեջանական ներքին գժտություններին: Նման եզրակացության կարելի էր հանգել` օրերս ունկնդրելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին: Խոսելով Կոնգրեսի գլխավոր նպատակին` նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու վերաբերյալ ՀԱԿ-ի ծրագրերի մասին` նա ընդգծել է, որ ՀԱԿ-ն իրավունք չունի իշխանության գալու հեղափոխությունների միջոցով: Որպես փաստարկ նա հայտնել է, որ ժամանակին հենց հեղափոխությունների պատճառով Ադրբեջանը «կորցրեց իր տարածքները» և հավելեց, որ ՀԱԿ-ն իրավունք չունի դիմելու այնպիսի քայլերի, որոնք կարող են նման հետևանքներ ունենալ կամ վտանգել Լեռնային Ղարաբաղը: «Մենք դա հասկանում ենք, սակայն, նրանք էլ (իշխանությունները) պետք է հասկանան, որ դա էլ իր սահմանն ունի»,- ասել է Եղիազարյանը:

Մամլո ասուլիսի այդ պահին կամա, թե ակամա հիշվեցին Ժիրայր Սեֆիլյանի` ՀԱԿ-ի նախկին կողմնակցի խոսքերը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որ նա երբեք չի հավատացել հայ ժողովրդի ներուժին: Եթե այն ժամանակ, չգիտես ինչու, հավատում էի Սեֆիլյանի այդ խոսքերին, ապա Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նման հայացքներին ծանոթանալուց հետո էլ ավելի սկսեցի հավատալ դրանց:

Սակայն Եղիազարյանը չսահմանափակվեց միայն արցախյան պատերազմով և Հայաստանում հեղափոխությամբ: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ՀԱԿ-ի հանրահավաքների մասնակիցների քանակի նվազման միտման մասին` Եղիազարյանը, չգիտես ինչու, դարերի խորքը գնաց` որոշելով, որ դրա պատճառներից մեկը 700-ամյա օտար, մասնավորապես` թուրքական տիրապետությունն է հայերի նկատմամբ: Այս կապակցությամբ Եղիազարյանը հիշեց, որ Թուրքիայի որոշ արևմտյան վիլայեթներում գոյություն ուներ առաջին գիշերվա սովորույթը, որոշներում հայերին արգելվում էր զենք կրել, վկայություն տալ դատարանում, քանի որ հայերը հավասարեցվում էին անասուններին: «Մեր գենետիկ շղթայում նստած է ստրուկը, և նրանից պետք է ազատվել: Հակառակ դեպքում ոչ ոք չէր կարողանա այսքան ժամանակ հանդուրժել այս անամոթությունը (ներկայիս իշխանությունների կառավարումը)»,- ամփոփել է Եղիազարյանը:

Չէի ուզենա խոսել նաև Եղիազարյանի մյուս անկեղծացումների մասին` այն մասին, թե ինչպես է նա, կաշառակերության մեջ մեղադրելով ներկայիս իշխանություններին, շարունակ շրջանցում և խուսափում պատասխանել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք գոյություն ունեցած կոռուպցիայի, առաջին օլիգարխների հայտնվելու մասին հարցերին: Կամ այն մասին, թե ինչպես նա, չլսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցի մասին հարցը, այդ խոսքերի հեղինակին (Ազնավուրին) մեղադրեց բոլոր հնարավոր մեղքերի մեջ, սակայն երբ լրագրողների օգնությամբ հասկացավ, որ դա ասել է անձամբ աշխարհահռչակ շանսոնյեն, չգիտես ինչու, կտրուկ փոխեց այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու խոսքի տոնայնությունը:

Ահա և մնում է միայն մտածել, թե ինչպես են Եղիազարյանի պես մարդիկ իշխանության գալու դեպքում պատրաստվում միավորել հայ ժողովրդին և լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Սակայն հասկանալի է, որ երբ քո ժողովրդի մի մասին «թաթար-մոնղոլ» ես համարում, իսկ մյուս մասին` ստրկական հոգեբանությամբ մարդ, դժվար թե կարողանաս միավորել ժողովրդին: Բացի դրանից, չդատապարտելով նախկինում սեփական շարքերում առկա կոռուպցիան, դժվար թե կարելի է հաջողությամբ դրա դեմ պայքարել ապագայում: Այնպես որ մնում է հուսալ, որ Եղիազարյանի պես մարդիկ, որոնք այդպես քամահրանքով են վերաբերվում սեփական ժողովրդին և այդպես հեշտությամբ փոխում իրենց կարծիքը միևնույն հարցի վերաբերյալ, իշխանության չեն գա: Չէ որ հակառակ դեպքում անգամ սարսափելի է մտածել մեր ժողովրդի ապագայի մասին, որն առանց այդ էլ, առանց Եղիազարյանի օգնության, նախանձելի իրադրության մեջ չէ:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
15  Արցախյան պատերազմ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---