Նոյեմբերին կմեկնարկի «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը

Նոյեմբերին կմեկնարկի «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը

PanARMENIAN.Net - «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության ներկայացուցիչներն այսօր մամլո ասուլիսում հայտարարեցին «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնի անցկացման մասին, որը կկայանա նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը։

Փառատոնին ներկայացված բոլոր ֆիլմերը ներկայացվելու են Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ, յուրաքանչյուրը 5 օր անընդմեջ։ Այդ օրերի ընթացքում տեղի է ունենալու օնլայն քվեարկություն Webtv.am-ում և Facebook սոցիալական ցանցում։ Հաղթող երկու ֆիլմերը որոշվելու են ինտերնետ քվեարկությամբ։

Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանի խոսքով օնլայն կինոփառատոնը հինալի գաղափար է, քանի որ նման փորձ նրանք արդեն ունեցել են։ «Մեր կայքում մենք բազմիցս ցուցադրել ենք Փելեշյանի և այլ կինոռեժիսորների ֆիլմեր, դրանք ունեցել են ավելի քան 2000 դիտող»,-նշեց նա։

«Այս փառատոնը նրանց համար է, ովքեր բջջայինով, վատ որակի տեսախցիկով կամ ֆոտոխցիկով ֆիլմեր են նկարահանում և դրանք ցավոք սրտի մեծ փառատոնները չեն վերցնում, իսկ սա հենց էդպիսի ֆիլմերի համար է նախատեսված։ Այս փառատոնը ցույց կտա, որ ֆիլմ նկարելը մեծ ֆինանսներ և ծախսեր չի պահանջում, այլ պահանջում է լավ գաղափար, արվեստի մոտեցումներ»,-ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, «WebԾիրան»-ի մտահղացման հեղինակ և կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Նրա կարծիքով նմանատիպ փառատոներ պետք է անցկացնել տարին 3-4 անգամ։

«Այս կինոփառատոնը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաների օգտագործումն օգնում է զարգացնել այլ ոլորտները, բացում հորիզոններ։ Բացի դրանից սա ինտերնետն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն է»,-նշեց փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«WebԾիրան»-ին կարող են մասնակցել Հայաստանում և արտասահմանում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները։ Ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով և մինչև 20 րոպե տևողությամբ՝ առանց ժանրային սահմանափակումների՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն։ Փառատոնում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ֆիլմը DVD ֆորմատով ներկայացնել «Ոսկե Ծիրան» փառատոնի գրասենյակ մինչև նոյեմբերի 5-ը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---