ՌԴ պատգամավոր. Հայաստանի իշխանությունները երկրում կայունությունը պահպանելու մեծ ներուժ ունեն

ՌԴ պատգամավոր. Հայաստանի իշխանությունները երկրում կայունությունը պահպանելու մեծ ներուժ ունեն

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահն ու կառավարությունը երկրում կայունությունը պահպանելու, տնտեսական խնդիրները լուծելու մեծ ցանկություն ունեն, հայտնել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չեռնիշենկոն: «Հայաստանում կայունությունը պահպանելու ներուժ կա, շատ բան է կախված նաև Ռուսաստանից, որի ներդրումները ձեր երկրում մոտ 3 մլրդ դոլար են կազմում, ձեր մոտ ռուսական կապիտալով ավելի քան 1100 ընկերություններ են աշխատում»,- ասել է նա Երևանում ընթացող ՀՀԿ տնտեսական համաժողովի շրջանակում կայացած մամլո ասուլիսում: Բացի դրանից, ինչպես նշել է պատգամավորը, մեծ ուշադրություն է հատկացվում մարզերի մակարդակով համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանի ու Ռուսաստանի մայրաքաղաքների միջև:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլև «հարազատ երկիր, որի հետ մեզ ոչ միայն քաղաքական, տնտեսական և մշակութային, այլև արյունակցական կապեր են կապում»: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ հայկական Սփյուռքը կարևոր դեր է խաղում Ռուսաստանի կյանքի շատ բնագավառներում:

Միևնույն ժամանակ ՌԴ պատգամավորն ընդգծել է, որ երկու երկրներն էլ այսօր դժվար հետճգնաժամային շրջան են ապրում և ծառացած են տնտեսությունների արդյունավետության, ՀՆԱ աճի, ժողովրդի բարեկեցության բարձրացման և այլ խնդիրներ:

Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին՝ նա համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն արժանի տեղ կզբաղեցնի, իսկ կոալիցիայում «Բարգավաճ Հայաստանը» մյուս կուսակցությունների հետ համատեղ հզոր բլոկ կստեղծի, որն առաջ կտանի երկրի զարգացման հետագա հարցերը:

Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համաժողովը միավորել է մոտ 350 անդամների և մոտ 50 հյուրերի: Համաժողովի ընթացքում կքննարկվեն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի և Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիրներ: Բացի դրանից, ուշադրության կենտրոնում կլինեն բիզնես-միջավայրի բարելավման հարցերն ու բարեփոխումները պետկառավարման ոլորտում, մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---