ՀԱՅ-ԻՐԱՆԱ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է «ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԱԶԱՏԱՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՈՒԹՅԱՄԲ ՋԱՆՔԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - 19.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Հուլիսի 18-ի Հայաստանի, Իրանի եւ Հունաստանի արտգործնախարարները Թեհրանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են եռակողմ կոմիտեի աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ 2000 թվականի նոյեմբերին Աթենքում կայանալիք Հայաստանի, Իրանի եւ Հունաստանի արտգործնախարարների հանդիպման նախապատրաստման հարցերը: Ստորագրված հուշագրում երեք պետությունների ներկայացուցիչները հայտնել են իրենց կառավարություների պատրաստակամությունը` զարգացնել եւ ամրապնդել եռակողմ համագործակցությունը` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ասպարեզներում: Հուշագրում ասվում է նաեւ «Իրան-Հայաստան» գազատարի նախագծի իրականացման ուղղությամբ ջանքերի ակտիվացման, ինչպես նաեւ այս հարցում Եվրամիության հետ համագործակցելու անհրաժեշտության մասին:

Նիստի ավարտից հետո Իրանի արտգործնախարար Քյամալ Հարազին հայտարարել է, որ հայ-իրանա-հունական համագործակցությունը համապատասխանում է ոչ միայն երեք պետությունների շահերին, այլեւ հադնիսանում է արդյունավետ գործոն` տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտ ստեղծելու համար: Հունաստանի արտգործնախարարի տեղակալը նշել է, որ հայ-իրանա-հունական համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել մյուս պետություններին:

Երեք պետությունների եռակողմ համագործակցությանը սկիզբ է դրվել 1997 թվականի դեկտեմբերի 22-ին Աթենքում, երբ Հայաստանի, Իրանի եւ Հունաստանի արտգործնախարարները ստորագրել են եռակողմ համագործակցության մասին հուշագիր: Նախարարների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է 1999 թվականին Երեւանում: --0--
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---