«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարի մասնակիցները կիրականացնեն 6 գաղափար

«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարի մասնակիցները կիրականացնեն 6 գաղափար

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Մարդամեջ» կոչվող սոցիալական նորարարության ճամբարի (SICamp) կազմակերպիչները տեղեկացնում են, որ ճամբարին ներկայացված 69 գաղափարներից ընտրվել է 6 գաղափար, որոնց շուրջ մասնակիցները կաշխատեն եռօրյա ճամբարի ընթացքում։

«Մարդամեջ» SICamp-ն անցկացվելու է նոյեմբերի 18-20 -ը Ծաղկաձորում։ Սոցիալական նորարարության ճամբարներին մասնակցում են գաղափարներ ունեցողներ, նախագծողներ, որոնք 2 օրում միասին փորձում են որևէ խնդրի լուծում տալ ` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ժյուրիի կողմից ընտրված գաղափարները հետևյալն են՝ Սոցիալական ցանց «Հազար ու մի մանրուք» (գաղափարը Սամվել Մարտիրոսյանի), Նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակ (Արամ Թովմասյան), Wish2Real (Ստեփան Սմբատյան), Հասարակական տրանսպորտի չվացուցակ (Լիլիթ Մանուկյան), Պետական պոլիկլինիկաներում սպասարկման և հիվանդների շահերի պաշտպանության մոնիտորինգ և հանրայնացում (Անի Դավթյան) և Հիպերտեղայնացված նորությունների հարթակ (Գայանե Միրզոյան)։

Առաջին օրը կձևավորվեն թիմեր և կմշակվեն գաղափարները։ Երկրորդ օրը թիմերը կիրականացնեն այն, իսկ երրորդ օրը շնորհանդեսի տեսքով կներկայացնեն դրանք։

«Մարդամեջ»-ին Ծաղկաձորում կմասնակցի շուրջ 50 մարդ` նախագծողներ, ինտերնետի ակտիվիստներ և այլն։ Նրանց թվում են բլոգեր և տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոյանը, լրագրող և բլոգեր Արթուր Պապյանը և այլ մասնագետներ։

«Մարդամեջ» SICamp-ը ֆինանսավորվում է UNDP-ի և USAID-ի կողմից։ Ճամբարին աջակցում են Ինտերնյուս Հայաստանը և SICamp-ի գաղափարի հիմնադիրները։

Սոցիալական նորարարության ճամբար աշխարհում առաջին անգամ անցկացվել է 2008-ին երեք անգլիացիների կողմից` Քրիստիան Ալերտի, Դեն ՄքՔիլանի և Պոլ Միլերի: Նրանք, ոգեշնչվելով ԲարՔեմփերի և Հաքաթոների հաջող անցկացվող մոդելներով, հասկացել են, որ ընդամենը 24 ժամում կարելի է մշակել արդյունավետ վեբ լուծումներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---