19 նոյեմբերի 2011 - 13:12 AMT
Ա. Պապյան. Վիլսոնի նպատակն էր ստեղծել Հայաստանի Հանրապետության իրավունքների մնայուն իրավական հիմքեր

Այն, որ ԱՄՆ սենատը մերժելու էր Հայաստանի մանդատի ստանձնումը՝ ակնհայտ էր բոլորին, թերևս առաջին հերթին՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: Փորձառու իրավաբան Վիլսոնի համար պարզ էր, որ անգամ քաղաքական կամքի առկայության դեպքում բացակայում էր իրավական հիմքը, որը ԱՄՆ-ին թույլ կտար ստանձնել Հայաստանի մանդատը, քանի որ մանդատային համակարգը խարսխված էր Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածի վրա: Նման կարծիք է հայտնել «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «ԱՄՆ սենատի կողմից Հայաստանի մանդատի քննարկման իրավական հետևանքների և հարակից հարցերի շուրջ» հոդվածում: Այսինքն, միայն այն երկրներն էին կարող ստանձնել որևէ մանդատ, ովքեր մինչ այդ արդեն ընդունել էին հիշյալ Կանոնադրությունը կամ համընթաց պիտի ընդունեին: Ըստ այդմ, քանզի ԱՄՆ սենատը մինչ այդ հավանության չէր արժանացրել Ազգերի լիգայի կանոնադրությունը, ցանկության դեպքում անգամ, իրավական հիմքերի բացակայության պատճառով, չէր կարող ստանձնել Հայաստանի մանդատը, ասվում է հոդվածում:

«Հետևաբար, ինչո՞ւ էր Վիլսոնը 1920թ. մայիսին սենատ բերում Հայաստանի մանդատի հարցը, ինչո՞ւ էր հարվածի տակ դնում սեփական վարկը: Այդ քայլը բացատրել «պատմության մեջ բարի գործ կատարած մարդու անուն թողնելու» ցանկությամբ առնվազն անհամոզիչ է: Ընդհանրապես, Վիլսոնը պատմության մեջ մնալու առումով հայերի հույսին չէր, քանի որ Ազգերի լիգայի գաղափարի ջատագովության համար արդեն իսկ արժանացել էր 1919թ.-ի Նոբելյան խաղաղության մրցանակին: Իսկ միգուցե այդ քայլն արդարացվա՞ծ էր, և նպատակը ոչ թե մանդատի ընդունումն էր, այլ այդ հարցի ինքնին քննարկումը:

Հիշենք ինչ վիճակ էր տիրում 1920թ. մայիսին Հարավային Կովկասում: Բոլշևիկյան 11-րդ բանակը 1920թ. ապրիլի վերջին արդեն գրավել էր Ադրբեջանը: Մայիսին Հայաստանում առաջին հեղաշրջման փորձն էր արվել: Անկախ Հայաստանի օրերը հաշված էին: Ժամանակի ամերիկյան դիվանագիտական գրագրությունը միանշանակորեն ցույց է տալիս, որ ամերիկացիները լիովին տեղեկացված էին ստեղծված իրավիճակի մասին»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը նշում է, որ Վուդրո Վիլսոնն իրատես քաղաքական գործիչ էր և ստեղծված իրավիճակում նրա գործողությունները հետապնդում էին հիմնականում մի նպատակ՝ հնարավորինս ստեղծել և կայացնել Հայաստանի Հանրապետության իրավունքների մնայուն և անսասան իրավական հիմքեր, այն հույսով, որ մի օր Հայաստանի Հանրապետությունը կվերագտնի իր անկախությունը և կկարողանա սեփական իրավունքներին տեր կանգնել՝ ապավինելով նշյալ հիմքերին: Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի կայացումը հայոց պետականության գոյության թեկուզև վերջին օրերին (22 նոյեմբերի, 1920թ.) և հատկապես այդ վճռի կնքումը Միացյալ Նահանգների պետական մեծ կնիքով:

Արա Պապյանը հիշեցնում է, որ Վուդրո Վիլսոնը նախագահ լինելուց առաջ նախ իրավագետ էր: Նա ԱՄՆ նախագահներից միակն է, որ գիտական աստճան ունի՝ այն էլ իրավագիտության դոկտորի կոչում: Որպես իրավագետ՝ Վիլսոնը լավ հասկանում էր, որ սենատում Հայաստանի մանդատի հարցի մուտքագրումը և քննարկումը պիտի սենատի մակարդակով և նրա կողմից ամրագրի այն դրույթները, որոնց վրա խարսխված է մանդատային համակարգը և որոնց հիման վրա մանդատի հարցը ենթակա է քննարկման: Ընդհանրապես մանդատների համար հիմք էր հանդիսանում Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածը: Այդ հոդվածը մասնավորապես արձանագրում է, որ մանդատները հաստատվում են «այն գաղութների և տարածքների վրա, որոնք վերջին պատերազմի հետևանքով դադարել են լինել այն պետությունների գերիշխանության տակ, որոնք նախկինում կառավարել են դրանք»:

«Այսինքն, մանդատ կարելի էր հաստատել միայն այն «գաղութների և տարածքների» նկատմամբ, որոնց վրայից արդեն իսկ վերացված էր նախկին գերիշխանությունը: Այսինքն, ԱՄՆ Սենատը, 1920թ. մայիսին քննության վերցնելով Հայաստանի մանդատի հարցը, այդ իսկ գործողությամբ, անկախ քվեարկության ելքից, հաստատում էր այն իրավական փաստը, որ խնդրո առարկա տարածքի վրայից վերցված էր թուրքական գերիշխանությունը (sovereignty): Հակառակ պարագային սենատը իրավասու չէր քննարկելու որևէ երկրի գերիշխանության ներքո գտնվող տարածքի կարգավիճակի հարց: Հիշյալ 22-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը մասնավորեցնում է, որ մանդատային համակարգը վերաբերում է նաև «որոշակի համայնքների, որոնք նախկինում պատկանել են Թուրքական կայսրությանը» (Certain communities formerly belonging to the Turkish Empire): Այսինքն, հստակեցված է երկու դրվագ. առաջինը՝ մանդատային համակարգը վերաբերում է նաև «Թուրքական կայսրությանը», և երկրորդ՝ Ազգերի լիգայի կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից (10 հունվարի, 1920թ.) և դրա հետևանքով, խնդրո առարկա տարածքների վրայից վերցված էին «Թուրքական կայսրության” տիտղոսն ու գերիշխանությունը» (title and sovereignty): Ամփոփելով կարող ենք ասել, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի մանդատի հարցի առաջադրումը, այնուհետև դրա քննարկումը և քվեարկությունը ԱՄՆ սենատում, անկախ քվեարկության ելքից, խնդրո առարկա տարածքի վրա թուրքական գերիշխանության բացակայության փաստի ամրագրում էր սենատի կողմից»,-ասվում է հոդվածում: