Հայկական վեբը շուտով կունենա նորարար «Հազար ու մի մանրուք» կոչվող կենցաղային սոցիալական ցանց

Հայկական վեբը շուտով կունենա նորարար «Հազար ու մի մանրուք» կոչվող կենցաղային սոցիալական ցանց

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-20-ը Հայաստանում առաջին անգամ կայացած «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարի ժամանակ ներկայացված 6 նախագծերից մասնակից Սամվել Մարտիրոսյանի հեղինակած iLike «Հազար ու մի մանրուք» կենցաղային խորհրդատվական սոցիալական ցանցը ստացավ «Մասնակիցների համակրանք» մրցանակը։

Այս նախագծի գաղափարն իրականացնելու շուրջ հավաքվել էին մոտ 10 երիտասարդ։ Գաղափարը հետևյալն էր` ստեղծել մի ցանց, որտեղ կլինեն տեղեկություններ մարդկանց կողմից մատուցվող ծառայությունների մասին։ Ինչպես ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին iLike թիմի ներկայացուցիչներից մեկը, «Հազար ու մի մանրուք» նախագիծը բիզնես գովազդելու տեղ չէ։

«Սա կայք է, որտեղ մարդիկ կկիսեն տեղեկություններ մանր-մունր ծառայությունների մասին։ Կան տարբեր վարպետներ` սանտեխնիկներից սկսած մինչև կոշկակարներ, ովքեր գումար չունեն իրենց գովազդելու համար, սակայն լավ գործ են անում և մարդիկ նրանց ծառայությունների կարիքն ունեն։ Այստեղ գրանցվողները գրում են իրենց դուր եկած ծառայության մասին, օրինակ` գիտեն մի լավ կոշկակարի։ Մեկ այլ օգտագործող, ով օգտվել է այդ կոշկակարի ծառայությունից, սեղմելով «Like» (հավանել) կոճակը, գնահատում է, համաձայնվում է գրառում անողի հետ։ Մեկ այլ օգտագործող կարող է մեկնաբանել, որ ինքը չի հավանել այդ կոշկակարին, քանի որ գործի այսինչ մասն այդքան էլ լավ չէ արել կամ հակառակը` ինչն է լավ արել և ինչու է լավը»,- պատմեց iLike թիմի ներկայացուցիչը։

iLike «Հազար ու մի մանրուք»-ում յուրաքանչյուր ոք կարող է գրանցվել և դառնալ օգտագործող։ Այս սոցիալական ցանցում խորհուրդ է տալիս և գնահատում հենց ժողովուրդը։

iLike «Հազար ու մի մանրուք» կենցաղային սոցիալական ցանցի գաղափարը մշակվել է 48 ժամում։ Միգուցե մի օր iLike թիմն իսկապես այն իրականություն դարձնի։

Ծաղկաձորում կայացած «Մարդամեջ» SICamp-ը ֆինանսավորվում էր UNDP-ի և USAID-ի կողմից։ Ճամբարին աջակցում էին Ինտերնյուս Հայաստանը և SICamp-ի գաղափարի հիմնադիրները։

Սոցիալական նորարարության ճամբար աշխարհում առաջին անգամ անցկացվել է 2008-ին երեք անգլիացիների կողմից` Քրիստիան Ալերտի, Դեն ՄքՔիլանի և Պոլ Միլերի: Նրանք, ոգեշնչվելով ԲարՔեմփերի և Հաքաթոների հաջող անցկացվող մոդելներով, հասկացել են, որ ընդամենը 24 ժամում կարելի է մշակել արդյունավետ վեբ լուծումներ սոցիալական խնդիրների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---