ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԻՐԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է իրանա-հայկական գազատարի կառուցման նախագծում ռուսական կողմի մասնակցության մեջ: Այդ մասին «Regnum» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, ներկայումս խորհրդատվություններ են տարվում Ռուսաստանի կառավարության եւ «Գազպրոմի» ղեկավարության հետ: «Մենք հուսով ենք, որ դրանք դրական արդյունք կտան: Համենայն դեպս, երկու երկրների նախագահների եւ կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները առիթ են տալիս հուսալու, որ ռուսական կողմը դրական որոշում կկայացնի: Վերջին ժամանակներս մենք հուսադրող ազդանշաններ ենք ստանում Մոսկվայից եւ կարծում ենք, որ արդեն գալիք տարում այդ հարցի վերաբերյալ որոշակի պարզություն կմտցվի»,-ասել է վարչապետը: Նշենք, որ նախագծի հաջող իրականացման դեպքում գազատարը Հայաստան կառաքի շուրջ 1 մլրդ խ.մ. գազ, ինչը մոտավորապես հավասար է այսօր Ռուսաստանից ստացվող գազի ծավալին: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի ավելի վաղ արված հայտարարության համաձայն, նշված նախագծի շուրջ Թեհրանը «պատրաստ է համագործակցել երրորդ երկրների հետ, եւ բացառված չէ, որ դա կիրականանա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---