Ֆուտբոլի հավաքականի ավագն ուրախ է, որ ԱԱ-2014 առաջին խաղը լինելու է Մալթայի հետ

Ֆուտբոլի հավաքականի ավագն ուրախ է, որ ԱԱ-2014 առաջին խաղը լինելու է Մալթայի հետ

PanARMENIAN.Net - «ԱԱ-2014-ի ընտրական փուլի օրացույցը նորմալ եմ համարում, քանի որ առաջին խաղում մենք կխաղանք Մալթայի հետ, որն այնքան էլ ուժեղ թիմ չունի: Առաջին խաղերը միշտ շատ զգացմունքային են լինում և լավ է, որ մենք այդպիսի մրցակից ունենք»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը:

Ըստ ֆուտբոլիստի, Հայաստանի առաջնությունը կանցնի աշուն-գարուն համակարգով և դա նշանակում է, որ ֆուտբոլիստները ավելի շատ ժամանակ կանցկացնեն դաշտում և կլինեն լավագույն մարզավիճակում: «Երկու տարի մենք կաշխատենք և ամեն ինչ կանենք, որպեսզի ընտրական փուլի խաղերը բարձր մակարդակով անցնեն: Այս անգամ, ինչպես Եվրո-2012 վերջին խաղում, մեզ ուժեղ մրցակից է բաժին ընկել՝ Իտալիայի հավաքականը: Սակայն, մենք կաշխատենք այնպես անել, որ վերջին խաղը վճռական չլինի»,-ասել է Հովսեփյանը:

2013թ. 7 խաղից 4-ը Հայաստանը կանցկացնի իր դաշտում, և, ըստ Հովսեփյանի, դա մեծ նշանակություն չունի, քանի որ արտագնա խաղերում ևս նրանք հաղթանակի են հասնում: B խմբում Հայաստանի հավաքականի 5 մրցակիցներից երեքը՝ Իտալիան, Չեխիան ու Դանիան կխաղան Եվրո-2012-ում: «Շատ լավ է, որ մենք այդ թիմերին կտեսնենք գործի մեջ: Նրանք Եվրոպայի առաջնությունում կխաղան ամբողջ ուժով, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ մրցակցի ուժեղ կողմերին»:

Չնայած բարդ խմբին, պաշտպանը հավատում է, որ հայ ֆուտբոլիստները կարող են պայքարել ԱԱ մասնակցության համար:

Նոյեմբերի 28-ին Պրահայում հայտնի դարձավ 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի խաղացանկը: Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի 2012թ. սեպտեմբերի 7-ին Մալթայի հետ արտագնա խաղում և կավարտի խաղաշրջանը 2013թ. հոկտեմբերի 15-ին Իտալիայի հետ հանդիպումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---