Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ուրուգվային ԼՂՀ-ին մշտապես սատարելու համար

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ուրուգվային ԼՂՀ-ին մշտապես սատարելու համար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Մոնտեվիդեո քաղաքում այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատ և հանդիպել պալատի խոսնակ Լուիս Լակալյեի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Մարիա Էլենա Լաուրնագայի, ներկայացուցիչների պալատի և Սենատի մի խումբ անդամների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ուրուգվայ կապերի զարգացմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվային հայ ժողովրդին մշտապես սատարելու համար` հավելելով, որ «մեր ժողովուրդը երբեք չի մոռանա, որ հենց այդ պետությունն է առաջինը աշխարհում պաշտոնապես ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի անկախության ուղիներն ունեն շատ նմանություններ, ինչը ավելի է մերձեցնում մեր եկրները:

Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է խաղաղ կարգավորմանը, ինչը սակայն ամենևին էլ Արցախի թուլության կամ անցյալին վերադառնալու հնարավորության նշան չէ:

Երկուստեք նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման շահագրգրվածության մասին: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ուրուգվայի հետ կապերի սերտացումը դրականորեն կազդի ինչպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, այնպես էլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վրա:

Հանդիպումից հետո երկրի ղեկավարը Ուրուգվայի պատգամավորների հետ հարգանքի տուրք է մատուցել այդ պետության ազգային հերոս Խոսե Արտիգասի շիրիմին:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---