Աուդրոնիուս Աժուբալիս. Անորոշության շրջանում ԵԱՀԿ հետևողական մոտեցումն անվտանգությանն անհրաժեշտ է ավելի քան երբևէ

Աուդրոնիուս Աժուբալիս. Անորոշության շրջանում ԵԱՀԿ հետևողական մոտեցումն անվտանգությանն անհրաժեշտ է ավելի քան երբևէ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ ԱԳՆԽ Վիլնյուսում կայանալիք նիստից առաջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երեքշաբթի օրը Վիլնյուսում ես կողջունեմ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 56 մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարներին. ԵԱՀԿ-ն համախմբում է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մասնակից պետություններին համընդհանուր արժեքների շուրջ, ինչպես նաև պետություններին Հարավ Միջերկրածովյան, Ասիայի և Ավստրալիայի տարածքում տասներկու գործընկեր պետություն: Երկու օր շարունակ մենք կքննարկենք անվտանգության մեր ընդհանուր առաջնահերթությունները:

Անցյալ տարի մեր ղեկավարները վերահաստատեցին ազատ, ժողովրդավարական, համընդհանուր և անքակտելի եվրո-ատլանտյան և եվրասիական անվտանգության համայնքի ընդհանուր տեսլականը` համընդհանուր արժեքների, համաձայնեցված հանձնառությունների և ընդհանուր նպատակների հիմքի վրա: Սա հավակնոտ տեսլական է: Ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու նպատակով անհրաժեշտ վստահություն ձևավորելու համար մենք պետք է բացեիբաց քննարկենք մեր տարաձայնությունները, համբերատար լինենք ու վճռականորեն ներգրավվենք` մեր երկրների ու հասարակությունների թե’ վաղեմի, թե’ նոր առաջացած սպառնալիքներին հակազդելու գործի մեջ:

2011 թ. Լիտվան` որպես ԵԱՀԿ նախագահող պետություն, օգնել է մեր մասնակից պետություններին ձեռնարկել գործնական և նշանակալից քայլեր` բարեփոխելու և ամրապնդելու մեր կառույցներն ու գործելակերպը` ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան: Միայն անցյալ շաբաթ Վիլնյուսում մենք վերսկսեցինք մոտ վեց տարվա դադարից հետո, Մերձդնեստրի ընդհատված խաղաղ բանակցությունները: Սա ցույց է տալիս, թե ինչ արդյունքի կարելի է հասնել համբերատարության, հետևողականության և շարունակական կանխարգելիչ դիվանագիտության շնորհիվ: Մենք կրկնապատկել ենք մեր համատեղ ջանքերը` հաղթահարելու այնպիսի անդրսահմանային սպառնալիքներ, ինչպիսիք են կազմակերպված հանցավորությունը, ահաբեկչությունը, թմրանյութերի, զենքերի ու մարդկանց թրաֆիքինգը, կիբեր հարձակումները: Միջազգային համագործակցության խթանումը միակ տարբերակն է մեկ քայլ առաջ լինելու նրանցից, ովքեր սպառնում են մեր հասարակության անվտանգությանն ու ամբողջականությանը` էլ ավելի կատարելագործված մարտահրավերներ ներկայացնելով: Անտարբերության գինը շատ բարձր կարող է լինել:

Մեր նախագահության ընթացքում մեր ուշադրության կենտրոնում է եղել ոչ միայն պետությունների միջև ամուր հարաբերությունների ձևավորումը, այլև պետությունների և իրենց քաղաքացիների միջև վստահության բարձրացումը: Մենք խթանել ենք խոսքի ազատությունը` ճանաչելով այն հիմնարար դերը, որ լրատվամիջոցներն ունեն մեր ազատությունների, ժողովրդավարական արժեքների հարգանքի ապահովման գործում: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել լրագրողների անվտանգությանը և նպաստել ազատ և բազմակարծիք թվային մեդիայի զարգացմանը:

Մենք կազմակերպել ենք մի շարք բարձր մակարդակի միջոցառումներ` ուղղված էթնիկ փոքրամասնությունների և կրոնական խմբերի հանդեպ արմատավորված անհանդուրժողականության դեմ պայքարին, որ ցավոք դեռևս առկա է մեր եկրկներից շատերում: Փոքրամասնությունները հաճախ առաջինն են տուժում ճգնաժամի ժամանակ:

Նվազ ուշագրավ, սակայն գուցե ավելի հետևողական է եղել մեր հատուկ կառույցների և տասնվեց դաշտային առաքելությունների աշխատանքը` այդ թվում Հայաստանը: Համագործակցությունը տեղերում մեր առաքելությունների և պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ - ների և ներգրավված քաղաքացիների միջև բոլոր մակարդակներում հիմք է ձևավորում անվտանգ ժողովրդավարական հաստատությունների, բաց, թափանցիկ հաղորդակցության և կառավարման, և ապահովում է անվտանգության իրական համապարփակ հիմքեր մեր հասարակությունների բոլոր հարթություններում:

Աստանայում անցյալ տարի մեր ղեկավարներն ընդունեցին, որ մեր տարածաշրջանի անվտանգությունն անքակտելիորեն կապված է մեր հարևանների, այդ թվում` Աֆղանստանի և ասիական և հարավ միջերկրածովյան այլ երկրների հետ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ողբերգական իրադարձությունները հիշեցնում են երկու տասնամյակ առաջ իմ սեփական երկրի` հանուն անկախության և ժողովրդավարության պայքարը, և վկայություն են` ժողովրդի ազատ ապրելու ձգտումների:

Իմ այցելությունը Թունիս ավելի վաղ այս տարի ինձ հիշեցրեց, թե որտեղ էր գտնվում Լիտվան քսան տարի առաջ, երբ անկախության վերականգնման ուղղությամբ առաջին քայլերն էր ձեռնարկում և որքան անելու բան կար: Ես նաև վերհիշել եմ, թե որքան կարևոր է ունենալ ավելի հասուն ժողովրդավարական համակարգ ունեցող ընկերների և հարևանների աջակցությունը` մասնավորապես սկանդինավյան տարածաշրջանի, որին Լիտվան այժմ պատկանում է: Ճիշտ այնպես, ինչպես մեր ուղին ժամանակ պահանջեց, մենք պետք է ակնկալենք, որ հարավ-միջերկրական տարածաշրջանի երկրների անցումը երկար գործընթաց կլինի, որը կպահանջի միջազգային գործընկերների աջակցությունը պետական հաստատություններին և քաղաքացիական հասարակությանը: Մենք շարունակում ենք զարգացնել լավագույն պրատիկան և կիսվել փորձով բոլոր մասնակից պետությունների շրջանում: Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը մեր գործընկերների հետ, ինչպես նաև սովորել նրանցից այդ գործընթացում: Միևնույն ժամանակ ԵԱՀԿ ջանքերը` գործընկեր Աֆղանստանում իրավապահ կարողությունները զարգացնելու և ամբողջ Կենտրոնական Ասիայում հասարակական կայունությանը նպաստելու, ուղղված են անդրադառնալու հրատապ խնդիրներին առաջիկա ռազմական կրճատումների համատեքստում:

Շարունակվող ֆինանսական ճգնաժամի մարտահրավերների և Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում արագ փոփոխվող իրավիճակի համատեքստում` մենք չենք կարող աչք թեքել մեր ներպետական կամ սահմաններից դուրս անավարտ գործերից: Մենք պետք է ցուցաբերենք և օգտագործենք մեր վճռական և հավաքական ուժը` մեր ընդհանուր աշխարհագրական տարածքը դարձնելու իսկապես անվտանգության համայնք:

2011 թ. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիս»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---