ԵԱՀԿ Մինսկի խմբին չարժե քննադատել, գտնում է Ֆասյեն

ԵԱՀԿ Մինսկի խմբին չարժե քննադատել, գտնում է Ֆասյեն

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբին չարժե քննադատել: Մենք շատ ակտիվ աշխատել ենք, որպեսզի կողմերին հնարավորություն տանք հանդիպելու և քննարկելու բոլոր հարցերը ինչպես նախագահների, այնպես էլ նախարարների մակարդակով»,- մամլո ասուլիսում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն` մեկնաբանելով միջնորդների գործունեությունը:

«2007 թվականի վերջին մենք առաջարկեցինք հիմնարար սկզբունքներ, այնուհետև առաջարկեցինք այդ սկզբունքների թարմացված տարբերակը: Այդ ժամանակից ի վեր կողմերը երկար ժամանակ բանակցել են այդ սկզբունքների շուրջ: Ցավոք, գոյություն ունեցող հույսերը մինչև վերջին հանդիպումը Կազանում արդյունք չբերեցին: Միջնորդությունը դժվար առաքելություն է, քանի որ միջնորդները «հարվածներ» են ստանում միաժամանակ բոլոր կողմերից: Նման հակամարտությունը կարգավորելը շատ բարդ է, և շատ դժվար է ստանալ բանակցային գործընթացին մասնակցող բոլոր անձանց համաձայնությունը բոլոր հարցերի վերաբերյալ: Օրինակ, երբ ես ստանձնեցի պաշտոնը, միջազգային հանրության անդամներից ոչ մեկը չէր կարող այցելել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ, իսկ այժմ դա հնարավոր է: Արդեն 2 այդպիսի առաքելություններ են ձեռնարկվել` 2005 թվականին և 2010 թվականի հոկտեմբերին»:

Բեռնար Ֆասյեն շուտով վայր կդնի իր լիազորությունները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նրան այդ պաշտոնում կփոխարինի Ժակ Ֆորը:

Ֆասյեն համանախագահի պարտականությունները կատարել է 7 տարի շարունակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---