Ռումինահայ համայնքում պարգևներ են հանձնվել Հայաստանի անկախության հոբելյանի առթիվ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ռումինահայ համայնքի ղեկավարներին և երևելի ներկայացուցիչներին պարգևների հանձնման արարողությունը: Ռումինահայոց միության նախագահ, նախկին նախարար, սենատոր Վարուժան Ոսկանյանը սեպտեմբերին Մովսես Խորենացու մեդալ ստացել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, մնացյալներին ՀՀ Սփյուռքի նախարարության սահմանած մեդալները, ինչպես նաև պատվոգրերը հանձնեց դեսպան Համլետ Գասպարյանը:

ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալի արժանացան բարերար Հակոբ Քրմզյանը և ԱԺ պատգամավոր, Խորհրդարանի Փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, Վիլյամ Սարոյան մեդալի` բանաստեղծուհի և պատմաբան Անաիս Ներսիսյանը, գրող և հրապարակախոս Վարդան Առաքելյանը և Պետրոս Խորասանջյանը, լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը, Կոմիտաս մեդալի` ջազային հայտնի երաժիշտ Հարրի Դավիդյանը, Արշիլ Գորկի մեդալի` նկարիչ Միկլոշ Յակոբովիչը:

ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների պատվոգրերի արժանացան օպերային երգիչ Էդուարդ Թումաջանյանը, լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը, գրող, թարգմանիչ, լրագրող Սարգիս Սելյանը, ջազային երաժիշտներ Կարպիս և Գաբրիել Դեդեյանները, նկարիչներ Պավել Բոտեզատուն, Դեբրեցեն Բոտոնդ Շիլարդը, կինոսցենարիստ Անուշավան Սալամանյանը, կինոսցենարիստ և դերասան Ֆլորին Գևորգյանը, Արարատ և Նոր Կյանք պարբերականների գլխավոր խմբագիր Միքայել Ստեփան Գազազյանը, լրագրող և Հայ-ռումեն ու Ռումեն-հայ բառարանների հեղինակ Վարդան Մարթայանը, Արարատ հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանը, Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղար վաստակաշատ Պերճ Մարգարյանը և նկարիչ, հայկական սրբապատկերների վերականգնման մասնագետ Հայկ Սարկավագ Ազարյանը:

Դեսպան Գասպարյանը շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց պարգևատրվածներին` վստահություն հայտնելով, որ նրանք արժանի կրողները, պահապանները և շարունակողները կլինեն այն վիթխարի ժառանգության, որ դարերի ընթացքում ռումեն հյուրընկալ հողի վրա ստեղծվել է հայերի նախորդ փառավոր սերունդների ջանքերով, ինչպես նաև կապող կամուրջ կհանդիսանան Ռումինիայի և Հայաստանի միջև` էլ ավելի խորացնելու և զարգացնելու ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---