Իմոն Գիլմորը պարզաբանել է, թե ինչու է Եվրոպային դեռևս անհրաժեշտ ԵԱՀԿ-ն

Իմոն Գիլմորը պարզաբանել է, թե ինչու է Եվրոպային դեռևս անհրաժեշտ ԵԱՀԿ-ն

PanARMENIAN.Net - Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Իմոն Գիլմորը, որը հունվարի 1-ից հանդիսանում է ԵԱՀԿ գործող նախագահը, անդրադարձել է նրան, թե ինչու Եվրոպային դեռևս անհրաժեշտ է ԵԱՀԿ –ն, և ինչ կարող է Իռլանդիան առաջարկել կազմակերպությանը

Իռլանդիան ստանձնել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը` անվտանգության ամենաընդարձակ և հաջողակ տարածաշրջանային մարմնի, որ տարածվում է Հյուսիսային կիսագնդում Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Թեև ոչ այնքան հայտնի, որքան ԵՄ-ն կամ ՄԱԿ-ը` ԵԱՀԿ - ն կարևոր դեր է խաղում Եվրոպայի և ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում: Սառը պատերազմի ժամանակ այն կարևոր ֆորում էր` վստահություն ձևավորելու և նվազեցնելու լարվածությունը Արևելքի և Արևմուտքի միջև:

Սպառազինությունների վերահսկման և ռազմական թափանցիկության ուղղությամբ շարունակական աշխատանքը դեռևս առանցքային է Եվրոպայի անվտանգության համար, ինչպես և ավելի քան երեսուն տարի առաջ էր:

ԵԱՀԿ-ն ոչ միայն վստահության և անվտանգության խնդիրներին է վերաբերում: ԵԱՀԿ կարևոր նորարարություններից է այն գաղափարը, որ անվտանգությունը ոչ միայն ռազմական խնդիր է, այլև կապված է արդյունավետ տնտեսության, կայուն շրջակա միջավայրի, բոլորի համար մարդու իրավունքների մատչելիության հետ: Այն առաջարկել է զուգահեռներ նրանց, ովքեր չեն տեսել այլընտրանք երկու գաղափարական դաշինքների առճակատմանը: Մարդու իրավունքների հույժ կարևորությունը միտված է օգնելու նրանց, ում իրավունքները ոտնահարվել են, նաև նպաստելու ավելի ժողովրդավարական հասարակությունների զարգացմանը: ԵԱՀԿ-ն նաև զգալի ներդրում է ունեցել հետկոնֆլիկտային վերականգնման և պետության կայացման գործում Հարավ-արևելյան Եվրոպայում:

Պաշտոնս ստանձնելուց հետո` ինձ բազմիցս հարցրել են, թե ինչու է ԵԱՀԿ-ն դեռևս անհրաժեշտ Եվրոպայի համար Սառը պատերազմի ավարտից ավելի քան քսան տարի անց, և ինչ կարող է առաջարկել Իռլանդիան կազմակերպությանը: Սառը պատերազմը գուցե և ավարտվել է, բայց դեռևս մեծ աշխատանք պետք է տարվի` հետամուտ ԵԱՀԿ համապարփակ անվտանգության կառուցմանը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հզոր ազդեցություն ունեցավ Եվրոպայի վրա և ցույց տվեց համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, քանի որ ոչ մի երկիր առանձին չի կարող հաղթահարել հետճգնաժամային հետևանքները: Նույնը վերաբերում է միջազգային սպառնալիքներին, որոնցով ԵԱՀԿ-ն այժմ զբաղվում է: Լինի դա կազմակերպված հանցավորություն թե ահաբեկչություն, կիբեր անվտանգություն կամ մարդկանց թրաֆիքինգ` ոչ մի երկիր չի կարող լուծել այդ խնդիրներն առանց հարևան երկիրների համագործակցության: ԵԱՀԿ-ն նաև զբաղվում է այսպես կոչված ձգձգված հակամարտություններով. մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, մասնակցում ենք մերձդնեստրյան կարգավորման 5 + 2 բանակցություններին և Ժնևի միջազգային քննարկումներին` Վրաստանում 2008 թ. օգոստոսի հակամարտության շուրջ: Կազմակերպության դաշտային առաքելություններն` Ալբանիայից Ուզբեկստան, այդ թվում նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, կարևոր աշխատանքներ են իրականացնում` աջակցելու ընդունող երկրներին ավելի լավ արձագանքելու իրենց ժողովուրդների կարիքներին:

Իռլանդիայի յուրաքանչյուր կառավարություն խթանել է արդյունավետ բազմակողմանիություն: Մենք միջազգային կազմակերպություններին անդամակցությանը շատ լուրջ ենք վերաբերվում և հպարտ ենք` ԵՄ հաջող նախագահությունների պատմություն ունենալու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ ընտրվելու համար: ԵԱՀԿ նախագահության ստանձնումը հստակ արտահայտում է Իռլանդիայի հանձնառությունը` ՄԱԿ-ի խարտիայի համաձայն` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, նաև միջազգային իրավունքի հարգանքի:

Գերակայությունները, որ նշել եմ Վիեննայում ս.թ. հունվարի 12–ի ԵԱՀԿ իմ ուղերձում, ներկայացնում են հավակնոտ, բայց հավասարակշռված մոտեցում մեր առջև ծառացած մարտահրավերներին: Ես աշխատելու եմ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների հետ միասին` ձևովորելու փոխհամաձայնություն մի շարք որոշումների շուրջ, որոնք կվերահաստատեն ԵԱՀԿ կենտրոնական դերը` որպես հիմնարար ազատությունների երաշխավոր: Մասնավորապես ես հավատացած եմ, որ քաղաքացիները պետք է իրավունք ունենան օգտվելու մարդու իրավունքներից, ինչպիսիք են օրինակ խոսքի և ԶԼՄ ազատությունը` անկախ դրոևորման ձևի: Մեզ մոտ Իռլանդիայում` Եվրոպայի ինտերնետային մայրաքաղաքում, սույն տարվա հունիսին կանցկացվի համացանցի /ինտերնետի/ ազատության թեմայով խորհրդաժողով ` քննարկելու այս հարցը: Ես նաև մտադիր եմ կիրառել հակամարտության կարգավորման Իռլանդիայի եզակի փորձը` կազմակերպելով համաժողով ապրիլին, որտեղ կներկայացվի Հյուսիսային Իռլանդիայի օրինակը` որպես ուսումնաիրության առարկա:

Ընդառաջ 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի քառասունամյակին, որ հանգեցրեց ԵԱՀԿ ստեղծմանը` ես հանձն եմ առնում աշխատել հաջորդ նախագահություների հետ` զինելու կազմակերպությունն` անդրադառնալու ներկայիս և ապագա սպառնալիքներին: Ճիշտ այնպես, ինչպես բնօրինակը պարտավորեցնում էր սառը պատերազմի հակառակորդներին նորովի կերտել իրենց փոխհարաբերությունները` մենք պետք է երաշխավորենք, որպեսզի ԵԱՀԿ-ն, քառասուն տարի անց պատրաստ լինի դիմագրավելու աշխարհի անորոշության մարտահրավերները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---