Facebook-ը դատական հայց է ներկայացրել սպամերների դեմ

Facebook-ը դատական հայց է ներկայացրել սպամերների դեմ

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը և ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իշխանությունները հայց են ներկայացրել դատարան ընդդեմ Adscend Media ընկերության՝ մեղադրելով վերջինիս սոցցանցի օգտագործողների շրջանում Like (հավանել) կոճակի միջոցով սպամ տարածելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ինտերնետում այդ սպամի տեսակը կոչվում է clickjacking, Facebook-ում այն անվանում են likejacking։ Այս սպամի «զոհը» դարձած օգտագործողները՝ տեսնելով իրենց նորությունների էջում հաղորդագրություններ տեսանյութերի լինքերով, դրանք դիտելու համար ստիպված պետք է «հավանել» կոճակը սեղմեին, որի միջոցով էլ հետագայում ավտոմատ սպամ էր տարածում։

Սակայն իրականում յուրաքանչյուր կոճակի սեղմում (click) հանդիսանում էր կամ օգտագործողների անձնական տվյալների հափշտակում կամ էլ վերահասցեավորվել է որպես գովազդային կայքի click։

Վաշինգտոն նահանգի դատախազ Ռոբ Մըկքենան և Facebook-ի իրավաբան Քրեյգ Կլարկը նշել են, որ այդ սպամի միջոցով Adscend Media ընկերությունը աշխատել է միջինում ամսական 1,2 միլիոն դոլար։

Նրանց մեղադրում են ընկերությանը սպամ տարածելու ԱՄՆ օրենքը խախտելու համար և պահանջում են արգելափակել ընկերության գործունեությունը սոցցանցում և փոխհատուցել կրած նյութական վնասը։

Adscend Media ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են դատական հայցի հարցով որևէ մեկնաբանություն անել։

Facebook սոցիալական ցանցն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է սպամերների գրոհին։ Սակայն առաջին անգամ է, որ ԱՄՆ իշխանությունները աջակցում են սոցցանցին սպամի դեմ պայքարելու հարցում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---