Հայաստանը մասնակցել է Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը

Հայաստանը մասնակցել է Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ը Շվեյցարիայի Ռոլ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) խորհրդակցությունը, որին մասնակցեցել են ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները և եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

Այս հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին չորս տարիների արդյունքները և քննարկել հետագա անելիքները: Մասնակիցների թվում էին ճանաչված աստղագետներ` ԵԱԸ նախագահ Թիերի Կուրվուազիեն (Շվեյցարիա), փոխնախագահներ Յան Պալուշը (Չեխիա) և Մերի Կոնտիզասը (Հունաստան), քարտուղար Էլիաս Բրինքսը (Մեծ Բրիտանիա), ԵԱԸ Խորհրդի այլ անդամներ և այլոք` ընդամենը 21 երկրի 35 գիտնական:

Հայաստանից խորհրդակցությանը մասնակցեց և զեկուցումով հանդես եկավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան): Նրա զեկույցը նվիրված էր ՀԱԸ գործունեությանը 2008-2011 թվերին:

Տարբեր երկրներում աստղագիտության ներկայիս վիճակի վերաբերյալ զեկուցումներ ներկայացրեցին նաև Ավստրիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Չեխիայի և այլ երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները: Ներկայացվեց և քննարկվեց ԵԱԸ նախագահի կողմից առաջարկված եվրոպական աստղագիտության զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների կազմակերպումը և այլն:

Մասնավորապես, որոշվեց սկսած 2014-ից ԵԱԸ տարեկան համաժողովների բյուջեն 4000-5000 եվրոյից ավելացնել մինչև 100 000 եվրո և նրանցում մասնակցությունը 400-500-ից հասցնել մինչև 1500-2000 գիտնականի: Քննարկվեց նաև ԵԱԸ հնարավոր համագործակցությունը ԱՍՏՐՈՆԵՏ նախագծի, ԵՖԸ, Եվրոպական միացյալ (հարավային) աստղադիտարանի և Եվրոպական տիեզերական գործակալության հետ: Ներկայումս ԵԱԸ կազմում պաշտոնապես ընդգրկված են 24 երկրների աստղագիտական ընկերություններ, սակայն անդամների թվում են աստղագետներ եվրոպական բոլոր և մի շարք այլ երկրներից:

ՀԱԸ ԵԱԸ-ին անդամագրվել է 2001-ին, ներկայումս նրա կազմում ունի 18 աստղագետ, 2007-ին Երևանում կազմակերպել է ԵԱԸ տարեկան համաժողովը, որն երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր գիտական միջոցառումն էր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---