Ինչո՞ւ է ԲՀԿ-ն բոյկոտել ԱԺ նիստը

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն բոյկոտել ԱԺ նիստը

PanARMENIAN.Net - ԱԺ նիստերի դահլիճում այսօր ԲՀԿ պատգամավորներից ներկա էր միայն Նաիրա Զոհրաբյանը, որն ընթերցեց հայտարարություն՝ մեկնաբանելով մյուս պատգամավորների բացակայելու փաստը: Նա մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով այն, որ երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կամայական կերպով իրեն զրկել է վարման կարգի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելու հնարավորությունից, հաշվի առնելով այն, որ երեկ թե ամբիոնից, թե տարբեր լրատվամիջոցներում Ազգային ժողովի նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, հարկ է պարզաբանել՝ ԲՀԿ խմբակցությունն երեկ քվեարկվող նախագծի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը և քվեարկել է իր համոզումունքների համաձայն՝ ապացուցելով իրենց խոսքի և գործի համարժեքությունը։

«Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագորգոռ հայտարարություններին, այն էլ՝ օրենքը շրջառանության մեջ դնելուց գրեթե հինգ տարի անց, ապա բոլորիս համար էլ պարզ է, որ այս նախագիծը որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ և նախագծի իրական նպատակը մեկն է՝ լրացուցիչ արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար՝ ի հաշվիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»,- նշել է Զոհրաբյանը։ Նա նաև «տնտեսագիտական մտքի տիտաններին» խորհուրդ է տվել ծանոթանալ թե եվրոպական և թե ռուսական փորձին և կարծում է՝ բոլորի համար ակնայտ կլինեն այս նախագծի իրական շարժառիթները, և թե իրականում ում շահերն է այն սպասարկելու. «Կրկնում եմ, «Բարգավաճ Հայաստանը» դեմ է և դեմ է լինելու բոլոր այն փորձերին, որոնց նպատակը մեկն է՝ սոցիալական ծանր այս պայմաններում հավելյալ գումարներ շորթել քաղաքացուց»:

Նաիրա Զոհրաբյանին հատկացված ժամանակը սպառվել է, և նրա խոսափողն անջատել են: Նա չի հասցրել կարդալ հայտարարության այն մասը, որտեղ նշվում է, որ հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը, «ԲՀԿ խմբակցությունը այսօր չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---